ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ ԱԺ նախկին պատգամագվոր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը խաբեությամբ Մարտիրոս Սարյանի 14 գծանկար է ձեռք բերել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Բացի դա, հետախուզման մեջ գտնվող Սարգսյանի մտերիմները՝ Սերոբ Սահակյանը և Վլադիմիր Շահինյանցը փորձել են նրա բնակարանից երկու ճամպրուկներ դուրս բերել, սակայն բերման են ենթարկվել: ԱԱԾ-ն հայտնում է, որ ճամպրուկների մեջ գտել են առգրավվել են կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 4 ատրճանակ, որոնցից մեկը խլացուցիչով, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:
«Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները:
Հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:
Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը», – նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում.