2026 թ. հոկտեմբեր 27, երեքշաբթի

Ռուսականի կուրսը ժողովրդի մեջքը կոտրեց. ընտրությունները Գավառում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում վերընտրվել է գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը։ 21 տարվա պաշտոնյան այս անգամ առաջադրվել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» դեմ, ինչպես 2021-ին, այլ նրա հետ դաշինքով: Այսպես նա ստացել է ձայների շուրջ 80 տոկոսը։

Գավառում ընտրություններն անցնում էին պասիվ։ Քվեարկողները քիչ էին. գրանցված ընտրողների շուրջ 30 տոկոսն էր եկել ընտրության։ Պասիվներին զանգում էին ծանոթ ակտիվիստները և խնդրում հասցնել մինչև ութը գնալ և քվեարակել։

Դիտորդները ցածր մասնակցությունը բացատրում էին նրանով, որ բոլորին պարզ էր՝ ով է ընտրվելու. Մարտիրոսյանին այլընտրանք չեն տեսնում, ՔՊ-ից էլ գոհ են ճանապարհները ասֆալտապատելու համար։ Արդյունքը կանխատեսում էին նաև ընդդիմադիր բլոկները՝ «Հայկական քվեն» և «Ինքնիշխան Հայաստանը»։ Նրանք պայքարում էին ընդամենը ավագանի անցնելու համար և, ըստ օրենքի, կանցնեին անկախ ձայների քանակից. պառլամենտական ժողովրդավարության սկզբունքների համաձայն, ավագանիում պարտադիր պիտի լինի գոնե երեք ուժ։

Ցածր մասնակցության մյուս պատճառը հուլիսին կատարված օրենսդրական փոփոխություններն էին։ Նոր կարգավորմամբ՝ հայաստանցին իրավունք ունի քվեարկել, եթե նախորդող երկու տարվա մեջ առնվազն գումարային մեկ տարի բնակվել է երկրում և առնվազն վեց ամիս հաշվառված է եղել համայնքում։ Գավառցի տղամարդկանց մեծ մասը տարվա կեսը գնում է խոպան: Համայնքում Ռուսաստանից ուղարկված տրանսֆերտներով է ապրում ընտանիքների 40 տոկոսը։ Խոպանից եկածներին տեղամասերում բացատրում էին, թե ինչու նրանք այլևս չեն կարող քվեարկել։

Այս օրենքն ընդունվեց հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ռուսաստանի հայերին ուղորդում են գալ Հայաստան և քվեարկել Նիկոլ Փաշինյանի դեմ։ ԸՆդդիմադիր ուժերն այս օրենքը հակասահմանադրական են որակել: ՍԴ-ն խոստացել է վեճը քննել դեկտեմբերի վերջին։