2026 թ. նոյեմբեր 10, երեքշաբթի

ՔՊ-ն պարտվեց ՔՊ-ին

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, այլ նրա մոտիկ ընկերը, որը նախորդ ընտրությունների ժամանակ ՔՊ նախընտրական շտաբի պետն էր։ 

Մնացած 20 համայնքներում հաղթել է հենց իշխող կուսակցությունը։

Պառլամենտական ընդդիմությունը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր հատուկենտ բնակավայրերում միայն։ «Ուժեղ Հայաստանն» ուժերը կենտրոնացրել էր Սամվել Կարապետյանի հայերնի Տաշիրի մոտ՝ Ստեփանավան խոշորացված համայնքում։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, սակայն, ընտրություններից 4 օր առաջ ձերբակալվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով։ 13 հոգի մեղադրանք ներկայացվեց ընտրակաշառակերությանն օժանդակելու կամ ընտրակաշառք վերցնելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսանյութում համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն հաշվում, թե որքան գումար է բաժանելու ըստ կազմված ցուցակների։ Նրա շտաբի պետ, պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը դա մեկնաբանել էր այսպես․ փողեր կարելի է բաժանել նաև գրասենյակային ծախսերը հոգալու, օրինակ՝ հիգիենիկ պարագաներ գնելու համար։ Արդյունքում «Ուժեղ Հայաստանը» Ստեփանավանում զբաղեցրեց երրորդ տեղը միայն՝ ստանալով ավելի քիչ քվե, քան ստացել էր նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ։

Խոշորացված Ստեփանավանը կրկին խոշորացվել է 2026 թվականին, երբ համայնքին են միացվել արդեն խոշորացված Լոռի Բերդն ու Գյուլագարակը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին այստեղ առաջադրվել էր միաժամանակ 5 քաղաքական ուժ։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» մրցավազքից դուրս եկավ դեռ քվեարկությունից առաջ։ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» ավագանի չանցավ:

Քաղաքապետի պաշտոնի համար մրցում էին միաժամանակ երկու ՔՊ-ականներ։

Իշխող կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը։ Նա Հայաստանի ամենաերկարակյաց համայնքապետն է, 1990-ից մինչև 2016-ը ղեկավարել է Կողես գյուղը, 2017-ից դարձել է Լոռի Բերդի համայնքապետ, հեղափոխությունից առաջ եղել է ՀՀԿ-ական, հեղափոխությունից հետո՝ դարձել ՔՊ-ական, ունի առնվազն 51 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց։

Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը նախորդ ՏԻՄ ընտրություններին ներկայացնում էր ՔՊ-ն։ ԱԺ ընտրություններին ՔՊ-ն Ստեփանավանում ավելի քիչ քվե ստացավ, քան «Ուժեղ Հայաստանը»։ Գրիգորյանի համաքաղաքացիները ենթադրում են, որ դա է պատճառը, որ քաղաքապետը չդարձավ ՔՊ-ի թեկնածու։ Իշխող կուսակցությունը նախապատվությունը տվեց նրա ընկերոջը՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին, որը պառլամենտական ընտրություններին ավելի շատ ձայն էր ապահովել ՔՊ-ի օգտին։

Գրիգորյանը ստիպված առաջադրվեց առանձին՝ «Գործարար» նորաստեղծ կուսակցության ցուցակով։ «Գործարարը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր նաև Գորիսում՝ ՔՊ-ի հետ «Համերաշխություն» դաշինքով՝ համայնքապետի թեկնածու առաջադրելով նախկին ընդդիմադիր Առուշ Առուշանյանին, որը 2020 թվականի պատերազմից հետո պայքարում էր Նիկոլ Փաշինյանի դեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կազմում։ 2021-ի ընտրություններից հետո Առուշանյանին կալանավորեցին ընտրակաշառք տալու մեղադրանքով։ 2020-ին նա հորդորում էր գորիսեցիներին փակել «Սյունիքի դարպասները» և թույլ չտալ, որ դավաճան իշխանությունը մտնի Գորիս։ Վերջին տարիներին Առուշանյանը համոզվել է, որ Փաշինյանը ոչ թե դավաճան է, այլ «ի օգուտ երկրի է աշխատում», և որոշել է միանալ նրա թիմին։ Գորիսում այդ համագործակցությունը պսակվել է 93 տոկոսանոց հաղթանակով։

Ստեփանավանում «Գործարար» կուսակցության թեկնածուն ստացել է քվեների 41․38 տոկոսը։ «Սա ժողովրդավարության հաղթանակն է», — հայտարարել է նա ձայների հաշվարկից հետո։ Արմեն Գևորգյանի պաշտոնավարության տարիներին «Սոճենի» ՍՊԸ-ն, որը պատկանում է նրա կնոջը, Ստեփանավանում մոտ կես միլիարդ դրամ է ստացել բյուջեից՝ դպրոց վերանորոգելու, տանիքներ սարքելու և գազաֆիկացման համար։ 

«Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է, որ ավագանու առաջին նիստին քվեարկելու է Արմեն Գրիգորյանի օգտին։

Ընտրությունների օրը Epress.am-ի թիմը Ստեփանավան խոշորացված համայնքում էր։ ՏԻՄ-երի թույլացման և իշխանության կոնսոլիդացման մասին զրուցել ենք տեղի դիտորդների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։