Ընտրություններ ինքնավարության կրճատման ֆոնին
Հայաստանի 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Բայց ինչքանով են ինքնավար տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական իշխանությունից և ի՞նչ են իրականում ընտրում մոտ կես միլիոն մարդիկ այսօր։
2021-2026 թվականների Կառավարության ծրագիրը խոստանում էր ապակենտրոնացնել իշխանությունը, «հզորացնել համայնքները» և մեծացնել մարդկանց մասնակցությունը հանրային խնդիրների լուծմանը։ Այս մասին հայեցակարգ էր ընդունվել 2023-ին։ Ըստ դրա՝ համայնքների կառավարմանը պետք է անցնեին դպրոցների և բուժամբուլատորիաների շենքերը, միջհամայնքային ճանապարհները, սոցիալական ծառայությունները։
Անցնող տարիներին, սակայն, ավելի շատ գործառույթներ վերցվեցին համայնքից, քան տրվեցին. կրթությունն ու առողջապահությունն ավելի կենտրոնացվեցին, ԶԱԳՍ-ը տրվեց Արդարադատության նախարարության մարզային կառույցներին։
Համայնքներից վերցվեց իրենց ամենամեծ ազատությունը՝ հողերի վաճառքի հարցում ինքնուրույնությունը։ Հիմա համայնքային հողերի վաճառքը կատարվում է պետականի պես։ Աճուրդի նախնական գինը որոշում է ոչ թե ավագանին, այլ անկախ գնահատողը՝ ըստ շուկայական գնի։ Մրցույթը հայտարարվում է ոչ թե համայնքում, այլ պետգույքի կոմիտեի կայքում։
Սակայն ամենամեծ կենտրոնացումը ֆինանսների մեջ է։ Թե ինչ կարող է ֆինանսավորել համայնքը՝ հաճախ որոշվում է վերևում։ Համայնքները կարող են լավացնել այն ենթակառուցվածքները և սոցիալական ծրագրերը, որոնք կենտրոնական իշխանությունը համարում է առաջնահերթություն։ Համայնքները ստիպված են անընդհատ դիմել պետական համաֆինանսավորման մրցույթներին։ Իսկ դրանց պահանջները շատ կոնկրետ են՝ դպրոցի կամ մանկապարտեզի կառուցում, փողոցների լուսավորություն, ասֆալտապատում և նման այլ կապիտալ ներդրումներ։ Եթե համայնքին մի այլ բան է պետք, պիտի ապավինի տեղական միջոցներին․ միջին բնակչությամբ համայնքների բյուջեն 300-600 միլիոն դրամ է, դա կհերիքի, օրինակ, միայն մեկ մանկապարտեզ կառուցելուն։
Վերջին տարիներին համայնքներում մեծանում է նաև մարզպետների տեսանելիությունն ու քաղաքական կշիռը՝ հաճախ տեղական ինքնակառավարման մարմինների թուլացման հաշվին։
«Տեղական ինքնակառավարումը տանում են դեպի մահ։ Փորձում են ոչ թե անկախ կենտրոններ ձևավորել, որտեղ բնակչի կարիքները կգնահատվեն և ըստ դրա ծրագրեր կիրականացվեն, այլ փորձում են կենտրոնական իշխանության ցանկությունները իրականացնեն համայնքում», — Epress.am-ի հետ զրույցում ասել է հանրային կառավարման մասնագետ Աբրահամ Արտաշեսյանը։
«Տեղական ինքնակառավարումը ենթակառուցվածքների մասին չէ։ Տեղական ինքնակառավարումը բնակչության հնարավորությունն է իր ձայնը լսելի դարձնել։ Եթե ջրագիծ են սարքում, բայց համայնքի բնակիչների տներին այդ ջուրը չի հասցվում, եթե համայնքային կենտրոնում մանկապարտեզ են սարքում, բայց տրանսպորտ չկա, ո՞ւմ համար է դա արվում։ Ո՞վ է հեռու բնակավայրից երեխուն հասցնելու մանկապարտեզ, եթե տրանսպորտ չկա։ Մանիպուլյատիվ է, երբ ասում են՝ վա՞տ ենք արել, որ մանկապարտեզ ենք սարքել։ Ոչ ոք չի կարող դեմ լինել մանկապարտեզին, որովհետև դրա կարիքը միշտ էլ կա», — ասել է փորձագետը։
2025 թվականի մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով Պետական վերահսկողական ծառայությունն իրավունք ստացավ մտնել համայնքապետարաններ և ստուգումներ անել։ Երկու ամիս հետո, սակայն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը այս փոփոխությունը ճանաչեց հակասահմանադրական։
Համայնքների լիազորությունները պակասել են կենտրոնական կառավարության հանդեպ, բայց մեծացել է նրանց իշխանությունը բնակիչների հանդեպ։ Օրինակ՝ համայնքներն ավելի խիստ կարող են պատժել «ինքնաշեն» տներ սարքած բնակիչներին։ Արագածոտնում, Արարատում, Արմավիրում ու Կոտայքում, որպեսզի անձը օրինականացնի իրեն պատկանող հողամասում կառուցված ինքնակամ որևէ շինություն, պետք է վճարի 100 միլիոն դրամ, գումարած եռապատիկը այն տուրքերի, որոնք նախատեսված են շինթույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար։ Մյուս մարզերում տուրքը 50 միլիոն դրամ է։
Գյուղական բնակավայրերում ինքնաշեն կառույցները շատ են։ Տարիներ շարունակ դրանք սարքվել են տնամերձ հողատարածքների վրա՝ առանց ճարտարապետական հատակագծերի և քաղշին թույլտվությունների։ Epress.am-ը բազմաթիվ զանգեր է ստանում մարդկանցից, ովքեր կանգնած են նոր ծախսերի առջև։ Նրանք արդար չեն համարում, որ 90-ականներին սարքած տները կամ գնած հողերի համար հիմա իրենք ստիպված պետք է վճարեն ներկայիս շուկայական գներով։ Տասը տարի առաջվա համեմատ անշարժ գույքի գները աճել են հարյուրապատիկ անգամ։
ՏԻՄ-ի ինքնավարության թուլացման պատճառով է նաև, որ ընդդիմադիր կուսակցությունները ավելի քիչ են մասնակցում այս տարվա համայնքային ընտրություններին։ Հինգ համայնքներում՝ Արմավիրում, Ախուրյանում, Վարդենիսում, Գառնիում և Վայքում, մունիցիպալ ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Երկու համայնքներում էլ գործող համայնքապետերը, որոնք մինչ այս ընդդիմադիր էին, դաշինք են կազմել ՔՊ-ի հետ և մասնակցում են ընտրություններին իշխող ուժի դրոշի տակ։ Գորիսում ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։ Ամասիայում համայնքապետ Ջեմա Հարությունյանը դարձել է ՔՊ կուսակցության անդամ։