Մեծ ցինիկություն է ասել, թե «ոչ մեկ էլ չի պայքարում հանքի դեմ»
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) ընդառաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարում ոսկու հանքի շահագործման մեկնարկի մասին։
Ինչպես է հնարավոր դարձել բազմամյա դիմադրության, հնարավոր աղետի մասին ազդարարող մասնագիտական եզրակացությունների և տեղացիների կամքի անտեսումը՝ հարցազրույց «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի հետ․
— Մասնակցությունն արդյոք չի լեգիտիմացնո՞ւմ COP-ը։
— [Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը կասեցնելու] միակ օրինական հիմքը հենց կենսաբազմազանությունն էր։ Կարմիր գրքում գրանցված կենսատեսակների հարցը, ջրերի պոտենցիալ աղտոտման գնահատումը․ օրենքը արգելում է այնտեղ գործունեություն ծավալելը։ Բայց կառավարությունը չի նայում կենսաբազմազանության պահպանության մասին օրենքներին: COP-ից մեկ շաբաթ առաջ իրենք հայտարարում են հանքի հանդիսավոր բացում։ Հիմա սուտ են ասում, չէ՞, երբ COP-ի բացմանն ասում են, թե Հայաստանի համար [կենսաբազմազանության պաշտպանությունը] շատ կարևոր է։ Սուտ են ասում։ Եվ կարևոր է այդ սուտը բռնել։ Ցանկացած մակարդակում՝ քաղաքական, հասարակական կամ այսպես ասած անձնական, սուտը պետք է մատնացույց արվի, պետք է չընդունվի։
Կան տարբեր մոտեցումներ, COP-ին մասնակցող տարբեր կազմակերպություններ Հայաստանից, և կա մարդկանց մի խումբ, որոնք ուզում են խոսել ճշմարտության մասին։ Առնվազն այդ իմաստով, կարծում եմ, [մասնակցությունը] կարևոր է։ Կարելի է անել բազմահազարանոց ցույցեր, դրանք էլ են սուտը մերժելու ձև, բայց եթե բազմահազարները չկան այս պահին, կարելի է որոշել, թե ինչ է ստրատեգիկ իմաստով հնարավոր անել՝ խաթարելու ստատուս քվոն, որը սուտն է։
Եթե հարցը վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է ազդել պետությունների որոշումների վրա, կարծում եմ՝ դրա հնարավորությունները շատ քիչ են: Աշխարհում ոչ մի պետություն էդ դեմոկրատական բանը թույլ չի տալիս։ ՄԱԿ-ի այս հավաքը միայն մեկ գործիք է տալիս․ կարող ես մի տարածքում հանդիպել պետության ներկայացուցչի, դեմ առ դեմ ինչ-որ մի բան ասել, որը էլի մեծ շքեղություն է․ այս մարդիկ սովորաբար թիկնապահներով շրջապատված և անվտանգության ծառայություններով պաշտպանված շենքերում են լինում։ Իսկ այնտեղ իբրև թե այդ հնարավորությունը կա՝ նրանց դեմ առ դեմ տեսնելու, և կան մարդիկ, որոնք օգտագործում են այդ հնարավորությունը նրանց ինչ-որ բան ասելու համար։ Բայց ինձ համար, իմ նման մարդկանց համար ավելի կարևոր է խոսել ճշմարիտ բաների մասին ուրիշ մարդկանց հետ, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորել կապեր, ձևավորել սոլիդարության ինչ-որ հնարավորություններ: COP-ին հազարավոր մարդիկ են մասնակցում, ամենատարբեր կազմակերպությունները։ Ես չգիտեմ, թե մասնակցելը ձեր իմաստով ինչ է նշանակում, բայց իմ իմաստով դա նշանակում է լինել մի տեղ, որտեղ դու չես ընդունում ստատուս քվոն։ Թեկուզ իշխանություններին ներվայնացնող լոզունգը կրող այս մայկայով․․․ ես չէի պատկերացնում, որ նույնիսկ Ամուլսարի լոգոյով շապիկն է այդքան մեծ պրոբլեմ իրենց համար։ Փաստորեն ստացվում է, որ դա մեծ պրոբլեմ է՝ այս շապիկով այնտեղ լինելը։ Ուրեմն, դա էլ է խաթարելու ձև։
— Ինչո՞ւ հանքի շահագործումը սկսվեց հենց հիմա։
— 2018 թվականից մինչև 2020-ը ակտիվ դիմադրություն է եղել տեղացիների կողմից։ Ճանապարհները թակելով՝ թույլ չեն տվել հանքարդյունաբերական կազմակերպության գործունեությունը։ Կազմակերպությունն այդ ընթացքում սնանկության գործընթացով է անցել, վերագրանցվել է Կանադայի օրենսդրության տակ գտնվող տարբեր օֆշորային գոտիներում, մի խոսքով։ Կառավարության տարբեր պաշտոնյաներ՝ Վահան Քերոբյանից սկսած, վերջին չորս տարիների ընթացքում անընդհատ այդ խոսակցությունները տարել են՝ «մի քանի ամսից կաշխատի», հետո նորից՝ «մի քանի ամսից կտա առաջին թողարկումը ոսկու»։ Անընդհատ է խոսվել այս մասին։ Երկու տարի առաջ իբրև թե պիտի առաջին արտադրանքը տված լիներ։
Բացման հաջորդ օրը հրապարակվեց հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, որը դիտարկում է սա որպես շատ հանդուգն քայլ կառավարության կողմից, որպես նշան, որ իրենք իրենց առաջ ոչ մի սահման չունեն․ «ինչ կուզենք կարող ենք անել»՝ ընդհուպ մինչև հենց COP-ից առաջ կարող ենք ցուցադրաբար անարգել COP-ի ամբողջ իմաստը։
— Դա ավելի շատ COP-ից առա՞ջ էր, թե՞ ընտրություններից հետո։ Պրոցեսը ոնց որ թե ավելի շուտ էր սկսվել։ Հայտարարություն էին տարածել, օրինակ, որ շրջակա համայնքներին տարեկան մինչև 8 միլիոն դոլար են տրամադրելու և այլն:
— COP-ից ընդամենը հինգ օր առաջ եղավ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանքի հանդիսավոր բացումը։ Փող տալը եղավ ավելի շուտ՝ մի քանի ամիս առաջ։ Դա իրոք իրավիճակ է փոխել այնտեղ։ Լսել եմ, որ նույնիսկ քաղաքային տրանսպորտի մի մասն է ձրի դարձել այդ փողի հաշվին։ Չգիտեմ։ Պարզ է, որ կաշկանդվածությունը հիմա շատ մեծ է։ Տեղական ինքնակառավարման մարմինները ուղղակիորեն ընկերության թելադրանքի տակ են։ Եվ այդ մարմինները նաև համայնքի բնակիչներին են պահում մի այնպիսի մթնոլորտում, որ ոչինչ չարվի։ Այսինքն՝ ուղղակի կաշկանդման և սահմանափակման իրավիճակ է համայնքում:
Ամենացինիկ բանն է՝ պատերազմից կոտրված, տեղահանված բնակչությանն ընդունած, վախի անընդհատ շահարկման պայմաններում, երբ մի կողմից ասվում է, թե Ադրբեջանն էսա կհարձակվի, մյուս կողմից՝ մենք խաղաղություն ենք ուզում ապահովել և այլն․․․ Այսինքն, պատերազմից կոտրված լինելու, ապատիայի, վախի էդ մթնոլորտում մեծ ցինություն է ասել, թե «ոչ մեկ էլ չի պայքարում»: Միայն Ջերմուկում չէ այդ ճնշումը, այլ ամեն տեղ, որտեղ հանքանյութի հետախուզման, հանքի շահագործման ծրագրեր են ուզում առաջ տանել։ Մենք դիմադրում ենք, բայց այդ դիմադրության հակազդեցությունը իսկապես ուժեղ է պետության կողմից։ Օրինակ՝ դատի են տալիս ավագանիներին, իրավական նորմերը փորձում են վերացնել, ուղիղ ճնշում են։ Հենց հիմա դրել են մի օրինագիծ, որով ՏԻՄ-ի նախնական համաձայնությունը հանքարդյունաբերական ծրագրին այլևս ոչ թե կլինի պարտադիր՝ հանրային լսումներով և այլն, այլ կունենա խորհրդատվական բնույթ։ Եթե ավագանին մինչ այժմ ամենատարբեր համայնքներում ասել է՝ չեմ տալիս թույլտվություն, օրինակ, հետախուզական աշխատանքներ անելուն, այս օրինագծով իրենք ուզում են վերացնել համայնքների ամենատարրական իրավունքը, որը սահմանադրությամբ, ամենատարբեր օրենքներով և հենց COP-ի կոնվենցիաներով է ապահովված։
«Մեր դեմ խաղ չկա» քաղաքականություն է, և դա գլոբալ քաղաքականություն է հիմա։ Մի բան, որ սերտորեն կապված է պատերազմի, կայսերական անպատժելիության հետ։ Մեզ մոտիկ է Ռուսաստանի օրինակը՝ «իմ դեմ խաղ չկա, ուզեմ կոչընչացնեմ Ուկրաինան, կսրբեմ, բռնապետության տակ կմտցնեմ», բայց գլոբալ մակարդակով ռազմականացման ամբողջ պրոցեսը տարվում է հիմա, օրինակ, Թրամփի իշխանության կողմից։ Այդ քաղաքականությունը խոսնակներ, այսպես կոչված «կարծիք ձևավորող» վերլուծաբաններ ունի նաև Հայաստանում։ Նրանք հիմա էլ ասում են, թե Ամերիկայում կա «հանքարդյունաբերություն անվտանգության դիմաց» պաշտոնական դոկտրին, Ամուլսարի հանքը ներկայացվում է այդ դոկտրինի ներքո, երկար ժամանակ ասում էին՝ Ամուլսարում ամերիկյան կապիտալ է, դրա վրա ոչ ոք չի հարձակվի, Ամերիկան կպաշտպանի։ Պատգամավորներից մեկը նույնիսկ ասում էր՝ «եթե Ամուլսարը շուտ բացված լիներ, 2021-ին Ադրբեջանը Ջերմուկի վրա չէր հարձակվի»։
«Մեր դեմ խաղ չկա» քաղաքականությունը միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, որն ուղիղ հայտարարում էր՝ COP էլ լինի, մենք այդ հանքը բացում ենք։ Դա ավելի մեծ, ավելի ռազմատենչ, կայսերական քաղաքականություն է։ Նիկոլ Փաշինյանն այստեղ ոչ մի սեփական քաղաքականություն չունի, նա ուղղակի կրկնում է կայսերական այդ մոտեցումները։
Մենք անընդհատ ենք փորձել խոսել համաշխարհային ֆինանսական դրության մասին, բացատրել, որ չունի կապիտալը ազգություն և քաղաքացիություն։ Նախ՝ այն, ինչ ներկայացվում է որպես ամերիկյան կապիտալ, նույնիսկ ամերիկյան չէ․ տարբեր բաժնետերեր (ամերիկյան ներդրումային ֆոնդեր) տարբեր տեղերում են գրանցված՝ Կանադայում, Դուբայում, Վերջինյան կղզիներում։ Այդ կարգավիճակն ընդամենը օգտագործվում է ներդրումների պաշտպանության ռեժիմի մեջ մտնելու համար, արբիտրաժի սպառնալիքի համար։ <․․․> Այս իշխանությունների օրոք է [սկսվել զանգվածային դիմադրությունը Ամուլսարում հանք բացելու ծրագրին և] հնարավոր եղել կանգնեցնել ծրագիրը երկու տարի։ Ես գիտեմ քաղաքացիների, որոնք ընտրել են Փաշինյանի կառավարությանը 2018 թվականին, միևնույն ժամանակ՝ Ամուլսարի հարցով կանգնել են ընդդեմ այդ իշխանությունների։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ունեցել որևէ խոստում Ամուլսարի հետ կապված։ Խոստացել են պատվիրել միջազգային հետազոտություն, ասում էին՝ անկախ ուսումնասիրություն կպատվիրենք, բայց դուք պարտադիր պիտի ընդունեք դրա եզրակացությունը։ Մե՛նք ընդունեցինք դրա եզրակացությունը, իրենք՝ ո՛չ։ Իրենց իսկ պատվիրած միջազգային հետազոտությունը եզրակացրել էր՝ ձեր ներկայացրած գնահատականը շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին թերի է, դրա հիման վրա հնարավոր չէ ասել, որ այնտեղ կարող է անվտանգ հանքարդյունահանում տեղի ունենալ։ Իրենց արտահայտություններում էքսպերտները արտակարգ զգուշավոր էին, բայց նրանց հրապարակած գրավոր տեքստում ավելի ուժեղ դիտարկումներ և ուժեղ լեզու էր օգտագործված՝ «թերի», «կասկածելի տվյալներ», «անճշտությունները»։ Այս փորձագետների ուսումնասիրության արդյունքները մենք ճանաչել ենք, բայց կառավարությունն ինքը չի ճանաչել դրանք։ Զեկույցը հետագայում նույնիսկ հանվել է պաշտոնական կայքերից։ Դիմադրությունը դեռ ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը 2018-ի վերջերին ամենաբարձր ռեյտինգն ուներ, միևնույնն է եղել է։
Հիմա այս իշխանությունները օգտվում են պատերազմի ստեղծած խայտառակ ապատիկ վիճակից, նաև ընդհանուր սոցիալական շատ ծանր դրությունից։ Ամեն ինչն է հիմա շատ ավելի դժվարացել, կյանքը շատ ավելի դժվար է, վարձով տները շատ ավելի թանկ են, պարենային սղաճ է տեղի ունեցել, ամեն ինչի սղաճ է տեղի ունեցել, մարդկանց տարրական կարիքները, պահանջմունքները՝ բնակարան ունենալու, առօրյա ծախսի համար փող ունենալու, հիմա շատ սուր են դրված, նաև այն մարդկանց վրա, որոնք դեռ վիշտ են կրում։ Այս պայմաններում հեշտ է կառավարել, մանիպուլացնել, կերակրել ստեր։ Մյուս կողմից՝ նույնիսկ ոչ ապատիկ մարդիկ, որոնք կուզեին դիմադրել այս իշխանություններին, չեն ուզում ասոցացվել եղած ընդդիմության հետ։ Մարդիկ նաև դրա պատճառով փողոց դուրս չեն գալիս, որ չդառնան «դաշնակ»։ Այս օրերին տեսանք, որ դաշնակները քննադատում են Ամուլսարի հանքը։ Բայց նույն դաշնակներից Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար էր և հուշագրեր էր ստորագրում «Լիդիանի» հետ։ Մարդիկ նաև դուրս չեն գալիս, որ դաշնակները չկոոպտացնի իրենց։ Այս երկիրը իսկապես գնում է իվանիշվիիզմի ուղղությա՞մբ։ Մարդիկ իրոք դժգոհ են եղել Սաակաշվիլիի քաղաքականությունից, իրոք չէին ուզում այդ ուժին, և ստեղծված վակուումը լրացրեց ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչը՝ իմիջիայլոց, շատ լավ սոցիալական խոստումներ տալով։ Տեսանք արդյունքը դրա մի տաս տարվա ընթացքում։ Այս իշխանությունները իսկապես չարաշահում են ընդդիմության վարկանիշը։ Սա շատ ձեռնտու վիճակ է նրանց համար։
— Վերջերս եղե՞լ ես Ջերմուկում, ապատիան ուրիշ ձև՞ է զգացվում այնտեղ։
— Ջերմուկը խայտառակ ճնշման տակ է հիմա, այնտեղ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել, այնտեղ իսկապես մի քանի մակարդակի թելադրանք կա՝ ուժեղ ճնշում տեղի բիզնեսմենների վրա, ուժեղ ճնշում այդ նույն բիզնեսմենների կողմից իրենց մոտ աշխատող մարդկանց նկատմամբ, այդ նույն բիզնեսմենները փոխկապակցված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերջին հուշագրով Լիդիանը հայտարարեց, որ ուղղակի փող է տալու համայնքին։ Խնդիրը միայն փողով առնելու մեջ չէ։ Այդ փողը հո ամեն մեկին չեն տվել, տվել են համայնքին, և համայնքը կառավարող ուժերն են ճնշում գործադրում, բոլոր այդ կապերը աշխատում են, և շատ տարբեր մակարդակներում։ Օրինակ՝ կան տղամարդիկ, որոնք շատ ակտիվ են եղել 2018-2020 թվականների դիմադրությունում։ Նրանք հիմա խոշորացույցի տակ են։ Տարիներ շարունակ սադրանքներ են եղել, սպառնալիքներ, քրեական գործեր, տուժածից սարքել են մեղադրյալ, մարդիկ կան, որ ծեծվել են, հետո ոստիկանությունը էդ ծեծը վերաորակել է տուժածների դեմ։ Սա ազդեցություն է ունենում, չէ՞, մարդիկ ուղղակի կապանքների մեջ են։