հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Ուշագրավ փաստեր Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության նամակագրությունից Ամուլսարի ծրագրի մասին

Ուշագրավ փաստեր Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության նամակագրությունից Ամուլսարի ծրագրի մասին

2023 թ մարտի 1-ին Open Democracy կայքում հրապարակվեց հոդված՝ «Մեծ Բրիտանիան տարիներ ծախսեց հայաստանյան այս ոսկու հանքի օգտին լոբբինգ անելու համար այժմ այն ֆինանսավորում է Ռուսաստանը» վերտառությամբ։ Հոդվածագիրը, Մեծ Բրիտանիայի «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» վրա հիմնվելով, հարցումներ էր ուղարկել Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն և տեղեկություններ ստացել Ամուլսարի հարցում այս գերատեսչության ներգրավվածության մասին։

Ստացված փաստաթղթերի թվում է արտաքին գործերի գերատեսչության նամակագրությունը տարբեր անձանց հետ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ և հետո։ Այս նամակագրությունից ուշագրավ փաստեր ենք իմանում Ամուլսարի ծրագրի համար արվող լոբբիստական աշխատանքների, տարբեր հանդիպումների, Լիդիանի քայլերի և Ամուլսարի ծրագրի հետ առնչվող քաղաքական ու տնտեսական վերլուծությունների, Փաշինյանի, Քոչարյանի և այլոց դերակատարությունների մասին։

Ստորև անգլերենից հայերեն թարգմանաբար ներկայացնում ենք այդ նամակագրությունից քաղված ընտրանի, որը կարծում ենք՝ շատ կարևոր և հետաքրքրական է հայաստանցի ընթերցողների համար։

Փաստաթղթերում հաճախակի հանդիպող [Redacted] և [Խմբագրված] նշումները նշանակում են, որ տեղեկություններ տրամադրողը տվյալ մասում մեկ կամ մի քանի բառեր կամ անուններ հեռացրել է՝ անձնական տվյալների գաղտնիության պահպանման սկզբունքից ելնելով։ Իսկ նամակագրության առավել կարևոր հատվածներն ընդգծված են մեր կողմից։

***
Date: 09.06.21 @ 08:57
From: [Redacted]@fco.gov.uk
To: [email protected] Cc: [Redacted]@fco.gov.uk
Subject: Meeting with Lydian.

Lydian Canada Ventures Corporation-ի տնօրենների խորհրդի անդամ [խմբագրված]-ը և [խմբագրված]-ն երեկ մեզ զանգահարեցին ծրագրի մասին նորություններ հայտնելու համար։ 

_ [Խմբագրված]-ը տեղեկացրեց, որ Osisko-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կանադայում և որի արժետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրասենյակ ունի Մեծ Բրիտանիայում և երեք խոշոր բրիտանացի ներդրողներ բաժնեմասեր ունեն Ամուլսարի ծրագրում։ Osisko-ի կառավարման համակարգը բրիտանական է, և հարկման ու միջազգային արբիտրաժային համակարգի համար այն օգտագործում է բրիտանական գրանցումը։ Բացի այդ [խմբագրված]-ը մասնակիորեն բնակվում է Մեծ Բրիտանիայում։ 

_ Անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր, երբ վարչապետ Փաշինյանը [խմբագրված]-ի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր ՀՀ կառավարության հետ Շրջանակային համաձայնագիր կնքելու հարցում պատրաստակամության մասին, այդ հարցում առաջընթաց չի գրանցվել։ Համաձայնագրով կպաշտպանվեին Լիդիանի ներդրումները Հայաստանում, կերաշխավորվեն ծրագրի տարածքում նրա անխափան և անսահմանափակ ելումուտը, և ընկերությունը կպարտավորվեր կորպորատիվ շահութահարկից, հանքարդյունաբերական ռոյալթիներից ու հանքարդյունաբերական այլ հարկերից բացի շինարարության փուլում տարեկան [խմբագրված], իսկ հանքի գործունեության ժամանակաշրջանում տարեկան [խմբագրված] ռոյալթիի վճարումներ կատարել տեղական համայնքային միավորներին։ 

_ Չնայած [խմբագրված]-ը գնահատում է կառավարության կտրուկ փոխված առաջնահերթությունները ռազմական կոնֆլիկտի ընթացքում, [խմբագրված], քանի որ նրանք պետք է ապահովեին կառավարության շարունակականությունը։ Հաղորդակցության վերականգնումից հետո Լիդիանը համաձայնագրի 2 էջանոց պարզ նախագիծ էր ուղարկել, որին ի պատասխան կառավարությունը վճարման հանձնարարականի տիպային փաստաթուղթ էր ուղարկել՝ խնդրելով կանխավճար կատարել, որն, ինչպես [խմբագրված] ասաց, [խմբագրված] Լիդիանը նաև առաջարկել էր կառավարությանը ծրագրում [խմբագրված] բաժնեմաս ծրագրում, որը շատ ընդունված է այլ տեղերում, սակայն այդ առաջարկը նույնպես չէր ընդունվել։ Լիդիանն ասել էր կառավարությանը, որ իրենք որևէ հարկային վճարում չեն անի մինչև չվերականգնվի հանքի գործունեությունը (մինչև նախորդ տարվա սեպտեմբեր Լիդիանը շարունակում էր ամսական $2 միլիոն դոլարի ԱԱՀ վճարել Հայաստանին)։ 

_ Այժմ բանակցությունները փակուղի են մտել, և չնայած Լիդիանը որևէ խնդիր չի ունեցել հիմնական որոշում ընդունողների, այդ թվում վարչապետի հետ հանդիպելու առումով, [խմբագրված], բայց նա նաև ընդունեց, որ անցյալում Լիդիանը սխալվել է՝ սոցիալական աջակցություն ստանալուն ուղղված բավարար աշխատանք չկատարելով, որը հանգեցրել է տեղական համայնքների կողմից ծրագրի աջակցության ցածր մակարդակին։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանում Լիդիանի ներդրումների աննախադեպ արժեքը (շուրջ $100 միլիոն դոլարի ներդրում է կատարվել հետազոտման փուլում և ավելի քան $350 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել շինարարության փուլում)՝ ավելացնելով, որ Հայաստանում խոշոր միջազգային ներդրումների և արևմտյալ բիզնես մշակույթի խիստ պակաս կա։ Նա ընդգծեց ծրագրի տնտեսական օգուտները, մանավանդ հիմա, երբ Ջերմուկ առողջարանային քաղաքը, որը ծրագրի տարածքից ոչ հեռու գտնվող հայտնի զբոսաշրջային  ուղղություն է, դատարկվել է Ադրբեջանի հետ սահմանային լարվածության էսկալացիայի պատճառով։ 

_ [Խմբագրված]-ն ասաց, որ իրենց ժամանակն ու փողը վերջանում է, քանի որ Osisko-ն պետք է հրատապ վճարումներ կատարի իր ներդրողներին, որոնց թվում է նաև Կալիֆորնիայի համալսարանը, [խմբագրված]։ Սակայն բարդություններ կան, հաշվի առնելով, որ որոշ բարձր պաշտոնյաներ արևմտյան սանկցիաների են ենթարկվում։ [Խմբագրված]-ը շեշտեց, որ Ամուլսարը շատ լավ ծրագիր է և եկամտի բարձր մարժա ունի։ 

_ [Խմբագրված]-ը հարցրեց արդյոք Osisko-ի՝ հանքը վաճառելու որոշումը փոփոխության ենթակա է հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների արդյունքներից կախված։ [խմբագրված]-ը շատ վստահ էր, որ այդ դեպքում, եթե հաղթի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը և համարվում է գործող վարչապետ Փաշինյանի հիմնական հակառակորդը, ապա նրա վարչակազմը վերջ կդնի անօրինական գործողություններին և կապահովի ծրագրի շարունակությունը։ [խմբագրված]-ը հղում կատարեց Քոչարյանի նախորդ հայտարարություններին, որտեղ վերջինս հաստատակամորեն աջակցություն էր հայտնում Լիդիանին։ Նա Քոչարյանին բնութագրեց որպես մի մարդու, ով լիովին հասկանում է Լիդիանի կողմից շուկան լքելու բացասական հետևանքները և արտասահմանյան բիզնեսներում աշխատելու փորձ ունեցող ուժեղ թիմ ունի։ [խմբագրված]-ն առանձնացրեց ներկայումս Հայաստանում գործող մի քանի խոշոր արևմտյան ընկերությունների, որոնք շուկա են մտել Քոչարյանի կառավարման շրջանում։

_ [Խմբագրված]-ն ավելի շրջահայաց էր թվում և ավելացրեց, որ Քոչարյանի թիմի անցյալը և խիստ ռուսամետ ուղղվածությունը այդքան էլ լավ բանի մասին չի խոսում։ Նա ասաց, որ ռուսները (Highland Gold-ն ու Rostec-ը) վերջերս բարձր մակարդակի այցելություն են կատարել Հայաստան մասնավոր օդանավով և նրանց ուղեկցել են Քոչարյանի թիկնապահները։ Նա նշեց, որ հանքի վաճառքը ռուսներին խիստ անցանկալի արդյունք է Փաշինյանի համար, քանի որ նա վախենում է հանրային բողոքից, որովհետև սա կարող էր նշանակել, որ նա դիտավորությամբ է սնանկացրել Լիդիանին՝ ռուսներին գործի մեջ բերելու համար։ Այդ պատճառով Փաշինյանի վարչակազմը վերջերս Լիդիանի հետ բանակցությունները վերսկսելու նշան է տվել։ Թվում է [խմբագրված]-ը հանքը վաճառելու կողմնակից է, քանի որ, ինչպես նա վերահաստատեց, Լիդիանն ամբողջովին սպառված ու սնանկացած է։ Նա նաև վստահ է, որ ի տարբերություն Լիդիանի, ռուսները համայնքներում $7-10 միլիոն դոլարի տարեկան ներդրում չեն կատարի և հանքը կկառուցեն համեմատաբար ցածր ծախսերով։

Date: 17.06.2021 @ 13:51
From: John.Gallagher
To: [Redacted], [Redacted], [Redacted], [Redacted], [Redacted].
Subject: RE: Meeting with Lydian.

[խմբագրված] 

Շնորհակալ եմ [խմբագրված] արձանագրության համար։ Խնդրեմ, կարդացեք անցյալ շաբաթ Լիդիանի հետ ունեցած հանդիպման արձանագրությունը։ Որպես հղում ուղարկում եմ նաև 2020 թ սեպտեմբերին Լիդիանի հետ հանդիպման արձանագրությունը այդ ժամանակ նրանք շատ ավելի լավատես էին։ Ահա իմ ընդգծումներն այդ հանդիպումից՝

_ Լիդիանի Ամուլսարի ծրագիրը սնանկ է և ընկերությունը վերակառուցվել է։ Այժմ այն չի կարող դիտվել որպես բրիտանական ընկերություն։ Նրանում որոշ բրիտանական ներդրումներ կան, սակայն այժմ այն հստակորեն կանադական ընկերություն է։

_ Բայց եթե Լիդիանը հաջողի (ինչը հնարավոր է թվում) վաճառել ծրագիրը Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված [խմբագրված] կոնսորցիումին, ապա այդ դեպքում այն կրկին կհամարվի մասամբ բրիտանական։

_ Եվ այս դեպքում մենք կառերեսվենք հեղինակության կառավարման մարտահրավերների, եթե նոր սեփականատերերն այս ծրագրի չափանիշների/էթիկայի/սոցիալական ազդեցության հետ կապված պնդումներ կատարեն։ Հեղինակության խնդիրներ կառաջանան նաև [խմբագրված]-ի և Քոչարյանի միջև բավականին մոտիկ թվացող հարաբերությունների պատճառով։

_ Ամուլսարի վաճառքը գերազանցապես ռուսական կոնսորցիումին նաև կասկածներ կհարուցի Հայաստանում ոչ-ռուսական խոշոր ներդրողների անխափան գործունեությունն ապահովելու վերաբերյալ ՀՀ կառավարության հանձնառության առումով։

Ջոն

Date: 17.09.2021 @ 12:39
From: John Gallagher.
To: [Redacted] Cc: [Redacted], [Redacted], [Redacted], [Redacted].
Subject: RE: Meeting with Lydian.

Ողջույն [խմբագրված],

Քիչ առաջ հանդիպում ունեցա Օրիոնից (ԱՄՆ-ում գրանցված) [խմբագրված]-ի հետ և Օսիսկոյից (Կանադայում գրանցված) [խմբագրված]-ի հետ այս երկու ներդրումային խմբերը Լիդիանի թիկունքում են կանգնած։ Նրանք քաղաքում էին որոշ հանդիպումներ ունենալու նպատակով, հանդիպել էին փոխվարչապետ Պապիկյանի, Էկոնոմիկայի նախարարի և Շրջակա միջավայրի նախարարի հետ։ [Խմբագրված]։

Երկու բան կարող է քեզ համար հետաքրքիր լինել

_ Օրիոնը ցանկանում է հրաժարվել իր բաժնեմասից և նրանց առաջնային պլանն է՝ այն վաճառել [խմբագրված]-ին, որի մասին խոսք էին բացել մեր նախորդ հանդիպման ժամանակ։ Երբ նրանք այս գաղափարը կիսել էին պետական պաշտոնյաների հետ, դրական պատասխան էին ստացել, և զրուցակիցները նշել էին, որ հետաքրքրված են երկրում բազմազան ներդրողներ ունենալով։ [Խմբագրված] Թույլ կտա արդյոք Ռուսաստանը նման բան խաղարկել՝ դա ուրիշ հարց է։

_ [Խմբագրված]-ն այժմ դուրս է հանվել Մեծ Բրիտանիայի ֆոնդային բորսայից։ Ուստի Մեծ Բրիտանիայի հետ կապեր այլևս չեն լինի, եթե [Խմբագրված]-ը վերցնի այս ծրագիրը (հիմա սա պլանն Բ է, սակայն դեռևս հնարավոր է)։

***
Կարծում ենք սա ընդամենն այսբերգի վերին մասն է, և բազմակողմանի լրագրողական հետաքննություն անելու դեպքում բազմաթիվ անհայտ փաստեր և թաքուն գործարքներ դուրս կգան ջրի երես, որոնք տեղի են ունեցել այս ծրագրի շուրջ վերջին 17 տարիների ընթացքում։ 

Open Democracy կայքում կգտնեք այս թեմայով այլ հետաքննություններ ևս, օրինակ՝ այստեղ և այստեղ, ինչպես նաև հայերեն (այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ

Նյութը պատրաստել է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը
Էլ փոստ՝ [email protected]