ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ։ Այս մասին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այսօր՝ ժամը 17:00-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը», – հայտնել է Քերոբյանը:
Ամուլսարի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի 12,5% բաժնետոմս։
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը պետք է սկսվեր 2018 թվականին, ջերմուկցիներ և բնապահպանների դիմադրության շնորհիվ արդեն ավելի քան չորս տարի՝ հանքը փաստացի չի շահագործվում։ Տարիներ շարունակ տեղի բնակիչները փակ էին պահում հանքի մուտքերը: Ջերմուկցիները պնդում են, որ Ամուլսարի շահագործումը հսկայական վնասներ է հասցնելու բնությանը և մարդկանց առողջությանը, ամբողջությամբ խաթարելու է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքի տնտեսությունը։
2018-ին քրեական գործ էր հարուցվել «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ: Կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել «Էլարդ» միջազգային փորձագիտական թիմին՝ փորձաքննություններ իրականացնելու նպատակով։ 2021-ի դեկտեմբերին քրեական գործը կարճվել էր․ ոսկու հանքի շահագործումը թույլատրելու գործընթացում չարաշահումներ, ըստ ՔԿ-ի, չէին հայտնաբերվել։