հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ապատեղեկատվություն / Նախարարի պատասխաններն Ամուլսարի խնդրի շուրջ հարցադրումներին․ ՀԲՃ

Նախարարի պատասխաններն Ամուլսարի խնդրի շուրջ հարցադրումներին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ կամվորական նախաձեռնությունը չորս հարց էր ուղարկել բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանին Ամուլսարի խնդրի առնչությամբ։ Ներկայացնում ենք մեր ուղղած հարցերը, ստացված պատասխաններն ու մեր մեկնաբանությունները

  1. Արդյո՞ք դուք ամբողջապես ուսումնասիրել եք «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների 295 էջանոց հաշվետվությունը և ՀՀ քննչական կոմիտեի կայքում տեղադրված մյուս գրագրությունները Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական կոմիտեի միջև։ Եթե այո, ապա ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին որպես նախարար և երկրաբան։

Պատասխան – Նախարարն ի պաշտոնե և մասնագիտությամբ որպես երկրաբան փուլ առ փուլ ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունները, ինչպես նաև Քննչական կոմիտեում առկա Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական խմբի գրագրությունները և պարբերաբար իր հրապարակային ելույթներում անդրադառնում դրանց՝ ներկայացնելով նախարարության դիրքորոշումը։

Մեկնաբանություն – Պատասխանից հասկանալի է դառնում, որ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և այլ փաստաթղթերը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չեն և կարծիք չկա դեռ դրանց մասին։ Հրապարակային ելույթներում էական, մասնագիտական որևէ բան չի ասվել դրանց մասին և դրանց հղում տալը՝ մեղմ ասած, այնքան էլ կոռեկտ չէ։

  1. Արդյո՞ք դուք ծանոթ եք այն փաստաթղթերին, որոնք ՀՀ քննչական կոմիտեն երկու տարի է հրաժարվում է տրամադրել մեզ։ Եթե ծանո՞թ եք, ապա պատրա՞ստ եք մեզ նույնպես տրամադրել այդ փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի ցանկին և դրանք մեզ չտրամադրելու փաստերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Պատասխան – Այս կարևոր հարցը մնացել է առանց պատասխան՝ ինչը սպասելի էր։

  1. Արդյո՞ք դուք ամբողջապես ուսումնասիրել եք դեռ 2017 թ-ին հրապարակված չորս միջազգային հանրահայտ փորձագետ-գիտնականների (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) մեկ տասնյակից ավել հաշվետվությունները։ Եթե այո, ապա ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին որպես նախարար և երկրաբան։

Պատասխան – Այս հարցը նույնպես մնացել է անպատասխան։ Ենթադրվում է, որ մեր նշած հաշվետվությունները չեն ուսումնասիրվել։

  1. Պատրաստ եք արդյո՞ք լուրջ անկախ մասնագիտական քննարկում նախաձեռնել վերոնշյալ հաշվետվությունների և այլ ուսումնասիրությունների բովանդակային վերլուծություն անելու համար, որը կլինի բաց ու հասանելի հանրության համար (ուղիղ տեսահեռարձակում կամ ամբողջական տեսանկարահանում՝ հետագայում հրապարակելու համար)։

Պատասխան – Նախարարին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է վերոնշյալ հաշվետվությունների և այլ ուսումնասիրությունների բովանդակային վերլուծության նպատակով նախաձեռնել անկախ մասնագիտական բաց քննարկում զանգվածային լրատվության միջոցների մասնակցությամբ։ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունների ամբողջական ուսումնասիրությունից հետո, ըստ անհրաժեշտության, նախարարության լիազորությունների շրջանակում կանցկացվի մասնագիտական քննարկում, այնուհետև՝ արդյունքների վերաբերյալ շահագրգիռ հասրակական կազմակերպությունների հետ կիրականացվի բաց քննարկում։

Մեկնաբանություն – Պատասխանից պարզ է դառնում, որ 2017-2018թթ կարևորագույն հետազոտություններն անտեսելու, դրանք քննարկման առարկա չդարձնելու միտում կա և խոսվում է միայն «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու մասին՝ այն էլ միայն ինչ-որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ։ Մեր կարծիքով պետք է վերլուծվեն և քննարկվեն մինչ այժմ արված բոլոր գիտական և մասնագիտական ուսումնասիրությունները, և ոչ միայն ՀԿ-ների, այլ նաև Ջերմուկ համայնքի իրազեկ բնակիչների, անաչառ մասնագետների, գիտնականների ու փորձագետների հետ։

ՀԳ Իսկ անպատասխան մնացած հարցերը ստիպված ենք նորից ուղղել նախարարին՝ ակնկալելով, որ այս անգամ կլինեն նաև դրանց պատասխանները։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  [email protected]