Home / Բանտ / Նավալնին Ղուրանի համար դատի է տվել բանտին

Նավալնին Ղուրանի համար դատի է տվել բանտին

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել իր կալանավայրի դեմ։ Պատճառը Ղուրանն է։

Բանտի ղեկավարությունը հրաժարվում է Ղուրան տալ գործչին։ Նավալնուն թույլ չեն տալիս կարդալ նաև իր մյուս գրքերը, քանի որ իբր դրանց «էքստրեմիստական լինելը» պետք է ստուգվի։ Այս «ստուգումը», քաղգործչի հաղորդմամբ, տևում է արդեն 3 ամիս։

«Դուք Ղուրանն է՞լ եք ստուգելու։ Դա ախր հիմար ու անօրինական [քայլ] է»,- հարցրել է ընդդիմադիրը։ Նրան պատասխանել են, որ  ստուգման պիտի ենթարկվեն բոլոր գրքերը և առաջարկել հեռուստացույց դիտել։

Նավալնին բանտում հայտնվելուց հետո ինքնակատարելագործման քայլերի ցուցակ է կազմել, որի կետերից մեկը, ինչպես ինքն է հայտնում, Ղուրանն ուսանելն ու խորությամբ հասկանալն է։

«․․․Ախր շուրջբոլորն անվերջ իլամն ու մուսուլմաններին են քննարկում, և իհարկե, քննարկողների 99%-ը  դրանից գլուխ չեն հանում։ Ես էլ որոշեցի  ռուսաստանյան ոչ մուսուլման քաղգործիչների շրջանում Ղուրանի չեմպիոն դառնալ», – գրել է նա։

Գործիչը պատմել է, որ ցանկացել է նաև անգիր սովորել իսլամի սուրբ գիրքը, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից՝ բանտում արաբերեն սովորելու հնարավորություն չունենալու պատճառով։

«Դե, ինչքա՞ն կարելի է համբերել։ Սեփական Ղուրանս է՞լ կարդալ չեմ կարող։ Հատկապես, որ հիմա՝ հացադուլի 13-րդ օրը, տրամադրությունս շատ փիլիսոփայական է», – նշել է Ալեքսեյ Նավալնին և հավելել․

«Նրանք դեռ չգիտեն, որ ես Թորա էլ եմ պատվիրել՝ Ռաշիի մեկնաբանություններով»։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին արդեն 13 օր է, ինչ հացադուլ է անում՝ բուժօգնության և դեղորայքի պահանջով։ Նավալնու մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել, շաբաթներ շարունակ նա տառապում է մեջքի ցավից, հիվանդության պատճառով որոշ ժամանակ առաջ անզգայացել են ոտքերը, այժմ՝ սկսել են թմրել նաև ձեռքերը։ Գործչին ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, այլև թույլ չեն տալիս տեսակցել իր բժշկին։ 

Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Բեռլին նա տեղափոխվել էր կոմայի մեջ՝ «Նովիչոկով» թունավորվելուց հետո։