Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով արդեն չորրորդ օրն է ինչ կոմայի մեջ է, կարող է թունավորված լինել։ Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։ Նա ընդգծել է, որ խոսքն առայժմ «հավանականության» մասին է, որը գերմանական իշխանությունները հաշվի են առնում Նավալնու անվտանգությունը կազմակերպելու հարցում։
Ալեքսեյ Նավալնին այժմ գտնվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում։
Զայբերտն իր խոսքում հիշել է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ թունավորման դեպքերի մասին, որոնց մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել։ Պաշտոնական Բեռլինը կոչ է արել «թափանցիկ քննություն» իրականացնել Նավալնու հետ կատարվածի բացահայտման համար։
https://twitter.com/dw_politik/status/1297861236483293189?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1297861236483293189%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fwww.svoboda.org%2Fa%2F30800001.html
Գերմանիայի արտգործ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Նավալնու վիճակի կտրուկ վատացման մասին հստակ եզրակացություններ անելու համար գերմանական կառավարությունը դեռևս բավարար փաստեր չունի․ անհրաժեշտ են լրացուցիչ բժշկական և կրիմինոլոգիական հետազոտութուններ։ «Պետք է սպասել», – ասել է Մաասը։
Գերմանական բժիշկներն Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն արել։ Օմսկի համար մեկ կլինիկայի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ բեռլինյան կլինիկայից իրենց ստացած տվյալների համաձայն, ընդդիմադիր գործչի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Զայբերտը նշել է, որ ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ Նավալնին Գերմանիայում է կառավարական հյուրի կարգավիճակում, չի համապատասխանում իրականությանը։ Կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է միջնորդել նրա Գերմանիա ժամանման թղթաբանական հարցերին։ Տեղափոխումն իրականացվել է անհատների միջոցներով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնուն կոմայի մեջ տեղափոխել են Օմսկի համար մեկ հիվանդանոց։ Նա դաշնակիցները վստահ են, որ առողջության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները ընդդիմադիր գործի մոտ նյութափախանակության խանգարում են ախտորոշել՝ առանց մանրամասնելու դրա պատճառը։
Նավալնու ընտանիքը պահանջում էր թույլտվություն տրամադրել արտերկրում բուժման համար։ Գերմանիայից ժամանած բժիշկներին Օմսկի հիվանդանոցը տեղափոխման թույլտվություն չէր տալիս՝ դա բացատրելով Նավալնու վիճակի ծանրությամբ։ Օգոստոսի 22-ին, սակայն, հաջողվեց հատուկ ինքնաթիռով Նավալնուն տեղափոխել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց։