Home / Մարզեր / Խաբարովսկի ցույցերի կարգախոսները դառնում են ավելի բազմազան

Խաբարովսկի ցույցերի կարգախոսները դառնում են ավելի բազմազան

Այսօր Խաբարովսկում ընթանում է հերթական ոչ արտոնված ցույցն ի պաշտպանություն երկրամասի ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի։ Ցույցին արդեն իսկ միացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Դիտորդների կանխատեսումներով, այսօրվա հանրահավաքը ևս կարող է ռեկորդային լինել քաղաքի պատմության համար։

Հուլիսի 11-ից երկրամասի տարբեր քաղաքներում, հիմնականում վարչկենտրոն Խաբարովսկում, զանգվածային բողոքի ակցիաներ են՝ ի պաշտպանություն 2000-ականներին մի քանի սպանությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալված մարզպետ Սերգեյ Ֆուրգալի։ Խաբարովսկի Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Մոսկվա՛, լսի՛ր մեզ», «Ֆուրգալին տուն ուղարկեք», «Մենք դեռ կգանք», «Պուտինին դեպի դատարան», «Պուտին հեռացիր» և այլ հակակառավարական կարգախոսներ։

Շուրջ կես միլիոն բնակչութամբ Խաբարովսկ քաղաքում բողոքի ակցիաների դուրս է գալիս մինչև 100 հազար ցուցարար։

Ցուցարարները քաղաքի կենտրոնական փողոցներով երթով շարժվել են դեպի Լենինի հրապարակ։ Քանի որ հանրահավաքն արտոնված չէ, դրա հազարավոր մասնակիցները հայտարարել են, որ դուրս են եկել հրապարակ «աղավնիներին կերակրելու»։ Ոստիկանությունը հետևում է հանրահավաքին, բայց դեռևս չի միջամտում։

Աղավնիներին կերակրելը, հավանաբար, հղում էր նահանգապետի նորանշանակ ժամանակավոր պատասխանատու Միխայիլ Դեգտյարյովի Խաբարովսկից արած առաջին լայվ տեսանյութին, որում նոր նահանգապետը նշում է, որ Խաբարովսկում համեղ պաղպաղակ կա, մարդիկ քաղաքավարի են, հրապարակներում ամեն օր կերակրում են աղավնիներին։

https://twitter.com/StalinGulag/status/1285900894756917248

Միխայիլ Դեգտյարյովը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քիչ ներկայացուցիչներից, որի անունը Ռուսաստանում գիտեն։ 2011 թվականից Պետդումայի պատգամավոր է։ Պաշտոնավարման ողջ ընթացքում հատկապես աչքի է ընկել իր անհեթեթ օրենսդրական նախաձեռնություններով։ 2013 թվականին Դեգտարյովն առաջարկել է արգելել արյան դոնորությունը նույնասեռականներին։ Առաջարկել է Միջպետական ստանդարտ սահմանել Ջմեռ պապի և Ձյունանուշի համար, պետական հիմնը փոխարինել 1833-1917 թվականներին Ռուսական կայսրության պաշտոնական օրհներգով՝ «Бо́же, Царя́ храни́!» (Աստված պահի թագավորին)։ Դեգտարյովի առաջարկներից էր նաև Կրեմլը սպիտակ ներկելը, Սթափության համապետական տոն հայտարարերլը և օտարերկրյա բիզնեսի համար «վոդկա» բառն արգելելը։

Բացի հիմնական պահանջներից, որոնց թվում է Սերգել Ֆուրգալի նկատմամբ արդար դատավարությունն ու ու այդ դատավարությունը երկրամասում անց կացնելը, հնչում են նաև այլ պահանջներ։ Ցուցարարներն իրենց սոլիդարությունն են հայտնում ձերբակալված լրագրող Իվան Սաֆրոնովին, աջակցություն են հայտնում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության նախագահի թեկնածու Պավել Գրուդինինին, ում փորձում են զրկել իրեն պատկանող Լենինի անվան սովխոզի վերահսկողությունից։

Խաբարովսկի ցուցարարների պաստառների մեջ կան նաև Բայկալ լճի ոչնչացումը դատապարտող գրառումներ։ Ակցիայի մասնակիցները դեմ են հեռուստատեսությամբ կեղծ լուրեր տարածող պրոպագանդիստ լրագրողներին, պուտինիզմի դրսևորումներին, կենսաթոշակային բարեփոխումներին։ Ոմանք իրենց սոլիդարությունն էին հայտնում Բելառուսում այժմ ընթացող ցույցերին։

լուսանկարները՝ Ալեքսեյ Նավալնու Խաբարովսկի շտաբի թվիթերի էջից

Հուլիսի 23-ին Խաբարովսկում ծեծի էին ենթարկել ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության նախագահ Ալեքսեյ Նավալնու շտաբի աշխատակից Դմիտրի Նիզովցևին։ Նիզովցևը ռեպորտաժներ էր վարում Խաբարովսկի հանրահավաքներից, որոնցում տեսանկարահանում էր քաղաքացիական հանդերձանքով ոստիկաններին, հարցազրույցներ էր վերցնում ցույցի մասնակիցներից։

https://twitter.com/zimbru_khv/status/1286277385168588800