Home / Դատարան / Ռուսաստանյան ընդդիմադիր հիմնադրամը լուծարվել է, բայց չի փակվել

Ռուսաստանյան ընդդիմադիր հիմնադրամը լուծարվել է, բայց չի փակվել

Ռուսական ընդդիմության առաջնորդ, «Ապագայի Ռուսաստան» կուսակցության նախագահ Ալեքսեյ Նավալնին երեկ հայտնել է իր հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի լուծարման մասին։

«Ուշադրությո՛ւն, սա ուսումնական տագնապ չէ։ Մենք փակում ենք Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը», – իր կայքում գրել է Նավալնին։ Գրառման մեջ նա հիշեցրել է ֆոնդի և կուսակցության մարզային շտաբերի լիկվիդացման մեծաթիվ փորձերի մասին, որոնց արդյունքում պարբերաբար խուզարկություններ էին իրականացվում հիմնադրամի գրասենյակներում ու կուսակցական շտաբերում, դատական գործեր էին հարուցվում հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ։

«Արդյունքում բոլոր անկախ թեկնածուներն ու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) աշխատակիցները, ովքեր մարդկանց կոչ էին անում մասնակցել բողքի ակցիաների, միլիոնավոր ռուբլիների պարտքերի տակ հայտնվեցին (դատական գործերն ավարտվում էին Նավալնու թիմի ներկայացուցիչների համար դրամական տույժերով, խմբ․)։ Հիմա մենք գումար ենք հավաքում տույժերը վճարելու համար, և ձեր օգնությամբ կկարողանանք հավաքել (ԿՊՀ-ի և «Ապագայի Ռուսաստան» կուսակցության ֆինանսական կիջոցները գոյանում են աջակիցների նվիրատվություններից, խմբ․)», – գրում է Նավալնին։

Վերջին դատական գործի արդյունքում Հիմնադրամի, Նավալնու և ֆոնդի իրավաբան Լյուբով Սոբոլի նկատմամբ 88 միլիոն ռուբլի տուգանք էր սահմանվել։

«Դա հսկայական գումար է, և ես իմաստ չեմ տեսնում այդ ծավալի տույժը հավաքելու մեջ։ Մինչև պուտինյան իշխանության ավարտը մենք ստիպված կլինենք ապրել արգելափակված բանկային հաշիվներով և դատական ծանուցումներով, որոնց համաձայն մեր ողջ գույքը կարող է բռնագրավվել», – մեկնաբանում է Նավալնին։ Նրա խոսքով, ԿՊՀ-ի թիմը մտադիր է նոր իրավաբանական անձ գրանցել և այդպիսով շարունակել գործունեությունը։

  • Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը զբաղվում է ռուսական իշխանություններերի կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու իշխանամետ մեդիաների ներկայացուցիչների ապօրինի հարստությունների մասին հետազոտություններով։
  • 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի դաշնության Արդարադատության նախարարությունը ԿՊՀ-ն ներառել է օտարերկրյա գործակալների ցանկում։
  • 2019 թվականի դեկտեմբերին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, Ալեքսեյ Նավալնին և Լյուբով Սոբոլը պարտվել են «Մասկովսկի շկոլնիկ» ընկերությանը։ «Պուտինի խոհարար» կեղծանունով հայտնի Եվգենի Պրիգոժինին պատկանող ընկերությանը ԿՊՀ֊ն մեղադրում էր դպրոցականներին ժամկետանց սնունդ մատակարարելու մեջ։ Հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանն Ալեքսեյ Նավալնուն պարտադրում էր ջնջել «Մոսկովսկիյ շկոլնիկ» կոմբինատի մասին հոլովակը, որում ասվում էր, որ ընկերությունը չի հետևում սանիտարական նորմերին, փաստաթղթեր է կեղծում, դպրոցներին և մանկապարտեզներին անորակ սնունդ է մատակարարում։ Դատարանի որոշմամբ, ԿՊՀ֊ի հոլովակը վարկաբեկում է ընկերությանը։