Հայաստանը հաստատակամ է ռազմական լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում, «France 24»-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը», – ասել է Մնացականյանը՝ կոչ անելով Ադրբեջանին «գալ բանականության դաշտ», ընդունել այս առաջարկները և համատեղ աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:
Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, նշել է արտգործնախարարը՝ ընդգծելով․ «Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն․․․
․․․Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում»։
Հարցին՝ եթե բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ, ոչ մի հանգրվանի չեն հասել, ինչո՞ւ չվերանայել բանակցային այս ձևաչափը և անել որևէ այլ բան, ինչու՞ շարունակել մի բան, որը չի աշխատում, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է․ «Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ այն չի աշխատում: Այն գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, շատ ամուր հարթակ, որտեղ բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, աշխատում են շատ ներգրավված կերպով: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»: