Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը տեսաուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին՝ կոչ անելով «լինել ավելի խաղաղասեր» և չտրվել«կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, ներկայացնել մեզ որպես թշնամանք սերմանող ժողովուրդ»։
Ավելի վաղ դեսպանը խնդրել էր զերծ մնալ հավաքներ կամ բողոքի ցույցեր կազմակերպելուց և դրանք մասնակցելուց։ Վերջին օրերին, ըստ Տողանյանի, դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքներում ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում կամ Ռուսաստանի այլ քաղաքներում հավաքվելու կոչերով։
«Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: ․․․Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը», – ռուսաստանաբնակ հայերին ուղղված իր ուղերձում ասել է Տողանյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիային զուգահեռ ռազմադաշտեր են ծավալվել նաև հայկական և ադրբեջանական սփյուռքներում։ «Ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի» բողոքի ցույցերը՝ բախվելով «Ընդդեմ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի» ցույցերին՝ պարբերաբար վերածվում են զանգվածային ծեծկռտուքների (Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Բրյուսելում, Հաագայում, Վարշավայում, Քիշնևում, ․․․)։ Հրապարակային բախումների հետ մեկտեղ՝ գրանցվում են հարձակումների և բռնությունների առանձին դեպքեր։ Կան տասնյակ վիրավորներ։ Մի քանի հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ։ Հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։
Մոսկվայում իրավիճակը սրվել է հուլիսի 24-ի գիշերը։ Բախումների, հարձակումների և ինքնադատաստանի մի քանի դեպքեր են արձանագրվել։ Ռուսատանի Ոստիկանությունը հայտնել է առնվազն 25 ձերբակալվածների մասին։ Ռուսական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թիվը երկու անգամ ավելին է՝ մոտ 50 հոգի։
Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Դավիթ Տոնոյանի տեղեկություններով՝ տեղի է ունեցել նվազագույնը հինգ հարձակում, հիմնականում Մոսկվայի հարավային շրջաններում, մի քանի դեպք էլ՝ Մոսկվայի մարզի քաղաքներում: Մեկ հայ երիտասարդի դանակահարել են։ Նրա կյանքին, ըստ Տոնոյանի, վտանգ չի սպառնում։
Համացանցում մեծ տարածում են ստացել տեսանյութեր, որտեղ երևում է՝ ինչպես են Մոսկվայում մի խումբ տղամարդիկ հարձակվում հայկական պետհամարանիշով ավտոմեքենայի և մեքենայում նստած տղամարդու վրա, մեկ այլ տեսանյութում էլ՝ ինչպես են մի խումբ երիտասարդներ ծեծում մի տարեց տղամարդու և պահանջում, որ նա պատասխանի, թե ումն է Ղարաբաղը:
Ռուսական մամուլը հայտնում է նաև ադրբեջանցիների նկատմամբ բռնության դեպքերի, մասնավորապես՝ Մարյինո շրջանի այգիներից մեկում ադրբեջանցի մի երիտասարդի խմբակային ծեծի ենթարկելու, ձմերուկ վաճառող ադրբեջանցի տղամարդու նկատմամբ հարձակման, «1001 գիշեր» ռեստորանում ծեծռտուքի մասին։
Բախումներն, ըստ շրջանառվող տեղեկությունների, շարունակվել են նաև այսօր։ «РБК» գործակալության փոխանցմամբ՝ փայտե մահակներով և մետաղյա ձողերով զինված մի խումբ ադրբեջանցիներ այսօր ավերել են հայերին պատկանող «Армянский дом» ռեստորանը՝ տեղակայված Մոսկվայի Սալարևո թաղամասում։ Իսկ ավելի վաղ, մի խումբ հայեր փայտե մահակներով ներխուժել էին Բրատիսլավայի փողոցում գտնվող ադրբեջանական ռեստորան և ավերել այն։ Մայրաքաղաքի այլ շրջաններում ևս բախումներ են գրանցվել հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև։