Ազգային անվտանգության ծառայությունը վստահ է՝ եթե լրագրողների հրապարակած տեղեկության ճշմատացիությունը պաշտոնապես հաստատվում է հրապարակումից հետո, ապա այդ տեղեկությունը համարվում է «ապատեղեկատվություն»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հուլիսի 15-ին հարցում է ուղարկել ԱԱԾ՝ հետաքրքրվելով՝ ինչի՞ հիման վրա է Ազգային անվտանգության ծառայությունը ապատեղեկատվություն որակել hetq.am կայքի կողմից հուլիսի 14-ին հրապարակված՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետանակոծել են Այգեպար գյուղը» վերտառությամբ նյութը։
ԱԱԾ-ն, հիշեցնենք, հուլիսի 15-ին մի տեսանյութ էր հրապարակել՝ «Հայտարարություն» վերտառությամբ, որում, մասնավորապես, ցուցադրել էր վերոհիշյալ նյութի պատկերը՝ վրան գրված «Ապատեղեկատվություն», թեև դրա իսկությունը հրապարակումից հետո հաստատել էր նույնիսկ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր «ապատեղեկատվություն», – ասված է ԱԱԾ-ի կողմից Իոաննիսյանին հասցեագրված պատասխանում։
Այս նյութի ընտրությունը, ըստ ԱԱԾ-ի, պայմանավորված է եղել տարածված «հայտարարության բովանդակությամբ», որով վերջինս բոլոր լրատվամիջոցներին հորդորում էր «հայ-ադրվեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքների արդյունքում իրադրության սրման վերաբերյալ տեղեկատվություն տարածելիս «ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու միանշանակ կերպով ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին»։
Կարելի է արձանագրել, որ ԱԱԾ-ն, այսպիսով, «ապատեղեկատվություն» է համարում նաև իրականությանը համապատասխանող տեղեկությունները, որոնք չեն բխում պաշտոնական աղբյուրների լրահոսին «միանշանակ կերպով ապավինելու» հրամայականից։
«Այ հիմա հասկանու՞մ եք, թե ինչու եմ ասում, որ ԱԱԾ-ն պետք է որևէ կապ չունենա ապատեղեկատվության դեմ պայքարի հետ», – ֆեյսբուքի իր էջում գրել է Իոաննիսյանը՝ կից ներկայացնելով ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանն իր ուղարկած հարցմանը։