Դաղստանցի գրող, լրագրող, «Դափթար» ամսագրի խմբագիր Սվետլանա Անոխինան սպառնալիքներ է ստացել անհայտ անձից, ով հղվում էր «ֆեմինիստների հարցերը լուծելու հրամանին»։ Անոխինան վերջերս հայտնել էր ընտանեկան բռնության ենթարկված կանանց հրատապ աջակցություն ցուցաբերելու խմբի ձևավորման մասին, գրում է «Կավկազսկի ուզելը»։
Անհայտ տղամարդն Անոխինային զանգահարել է հուլիսի 22-ին։ Կինը ձայնագրել է հեռախոսազրույցն ու հրապարակել ֆեյսբուքի իր էջում։ Զանգահարողը հայտնել է, որ «հրաման ունի զբաղվել ֆեմինիստներով»։ Անոխինան առաջարկել է հանդիպել Մախաչկալայի ոստիկանության Խորհրդային մարզային բաժանմունքի մոտ, ինչին զրուցակիցը պատասխանել է, որ պատրաստ է սպանել նրան հենց ոստիկանական շենքի դիմաց։
Սվետլանա Անոխինան զանգահարողին խնդրել է ասել իր անուն-ազգանունը։ Վերջինս ներկայացել է որպես «Դալգաթ Ումահանով»։ Կինը զրուցակցին տեղեկացրել է, որ պատրաստվում է ոստիկանություն և դատախազություն դիմել՝ ներկայացնելով զրույցի ձայնագրությունը։
Հուլիսի 23-ին Անոխինան հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։ Հուլիսի 24-ին նրան այցելել է ոստիկանության քննիչը։
«[Սպառնալիքներ ներկայացրած] անձն անպայման փորձում էր կապնվել հետս։ Չորս անգամ զանգեց, բայց կապը վատ էր։ Ես սկսեցի կասկածել ու միացրեցի ձայնագրիչը»,- պատմում է Անոխինան։
Լրագրողը հայտնում է, որ համապատասխան ձայնագրությունը ներկայացրել է քննիչին, զանգողի համարը ևս։ Մեսենջերով այդ ձայնագրությունը ուղարկել է նաև այն համարին, որից իրեն զանգել են։ Նամակը ստանալուց հետո օգտատերը կապնվել է Անոխինայի հետ։
«Արդեն լրիվ այլ ձայնով տղամարդն ասում էր, որ ինքը չի զանգել, չգիտի ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ, պատմել է, որ այդ ժամանակ ինքը Մոսկվա-Մախաչկալա ճանապարհին է եղել։ Բայց ես չգիտեմ ինչ-որ ծրագրեր, որոնք թույլ են տալիս զանգել ուրիշի համարից»,- մանրամասնում է լրագրողը։ Նա նշել է, որ կասկածում է, որ սպառնալիքները լուրջ են, բայց պատրաստվում է գործը տանել մինչև վերջ։
Հեռախոսազանգը ստանալու նախորդ օրը Անոխինան ֆեյսբուքի իր էջում գրել էր բռնության ենթարկված կանանց հրատապ աջակցություն տրամադրելու համար ձևավորված խմբի աշխատանքի մեկնարկի մասին։