Բաքվում ոստիկանությունը միջամտել է Ներքին գործերի նախարարության դիմաց հավաքված լրագրողների ակցիային, որի մասնակիցները ահանջում են չխոչընդոտել լրագրողական աշխատանքին և պաշտոնանկ անել Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևին, գրում է «Կավկազսկիյ ուզելը»։
Լրագրողները բողոքի ակցիան սկսել էին երեկ՝ հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի ազգային մամուլի օրը։
Ադրբեջանի ՆԳՆ֊ն ակցիաներն «ապօրինի» է անվանել, իսկ դրանց մասնակիցների պահվածքը որակել որպես «մամուլի և խոսքի ազատության հետ անհամատեղելի գործողություններ, որոնց նպատակը հասարակական ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնելն է»։
Ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկը մանր խուլիգանության մեղադրանքով բերման է ենթարկվել, Ոստիկանությունում բացատրական զրույցից հետո ազատ է արձակվել։
Լրագրողները ցանկանում էին բողոքի ակցիա իրականացնել Ներքին գործերի նախարարության դիմաց։ Այնտեղ ցույցի մասնակիցներին սպասում էին ոստիկանները։ Իրավապահների հետ կարճ զրույցից հետո նրանք շարժվեցին դեպի Մամուլի խորհուրդ։
Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Լրագրությունը հանցագործություն չէ», «Ազատ մեդիաները չեն լռի» և այլ կարգախոսներ։ Պահանջում են Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշևի հրաժարականը։
Ըստ նրանց, մամուլի խորհուրդը երբևէ չի աջակցել մասնագիտական գործունեության պատճառով հետապնդումների ենթարկվող լրագրողներին։ «Եվ ամենակարևորն այն է, որ երբ Կառավարության Օպերատիվ շտաբը կարանտին էր հայտարարել, Մամուլի խորհուրդը չպաշտպանեց լրագրողների ազատ աշխատելու իրավունքը», – նշում են ցուցարարները։
Ադրբեջանում համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանված կարանտինային ռեժիմը գործում է մարտի 24-ից։ Հունիսի 21-ից Բաքվում, Սումգայիթում, Գյանջայուն, Աշպերոնի, Ջալիլաբադի, Լենքորանի և Մասալինի շրջաններում երկու շաբաթով հաստատվել էր խիստ կարանտինային ռեժիմ։ Հուլիսի 2-ին որոշում է կայացվել այդ ռեժիմը երկարաձգել մինչև հուլիսի 20-ը և տարածել ևս ութ շրջանների վրա։ Հուլիսի 17-ին կարանտինի ժամկետը երկարաջգվեց մինև օգոստոսի 5-ը, իսկ համընդհանուր կարանտինի վերջնաժամկետը նշանակվեց օգոստոսի 31-ին։
Լրագրողները նաև պահանջում էին համավարակի պայմաններում ԶԼՄ֊ներին ցուցաբերվող աջակցության համաչափ բաշխում։ Ցույցի մասնակիցները դատարկ թղթեր էին փոխանցում Աֆլաթուն Ամաշևին՝ դիմումի փոխարեն։
«Մամուլի խորհուրդը զբաղվում է լրագրողների խնդիրներով, բայց չի մասնակցում լրատվականներին հատկացվող աջակցության բաշխմանը»,- ցուցարարներին պատասխանել է խորհրդի նախագահը։ Ձերբակալված լրագրողների մասին հարցի ի պատասխան նա նշել է, որ իրենց այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում են։