Վաղ առավոտյան ոստիկանության արագ արձագանքման ջոկատները ձերբակալություններ են իրականացրել Բաքվի Յասամալ թաղամասում։ Դադաշ Բունյաթզադեի փողոցի բարձրահարկ շենքի բնակիչներին հանել են տներից՝ թույլ չտալով անգամ հագնվել։ Ավելի քան 10 հոգի բերման է ենթարկվել։
Երեկ երեկոյան այդ շենքերի բնակիչները պատշգամբներից աղբի տոպրակներ էին նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք բերման էին ենթարկում նրանց հարևաններից մեկին։
Բնակիչների պնդմամբ, քաղաքացուն ձերբակալում էին աղբը թափելու ժամանակ՝ «խիստ կարանտինի» ռեժիմում տնից դուրս գալու արգելքին չհետևելու համար։
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Աբշերոնի թերակղզում խիստ կարանտինի ռեժիմ էր հայտարարվել, որն ուժի մեջ էր մտել շաբաթ կեսգիշերին և պետք է շարունակվեր մինչև երկուշաբթի առավոտ։
Կարանտինի ռեժիմի խախտումը պատժվում է տուգանքով կամ ձերբակալությամբ։
Worldometers կայքի տվյալներով, Ադրբեջանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 553 դեպք, որից 4149-ն՝ առողջացած, 88-ը՝ մահվան ելքով։