Աշխարհում չկա որևէ ուժային կառույց, որևէ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծել։ Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություններ եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։ Որովհետև այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, ուղղակի կատաստրոֆա է։
Ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ անդրադառնալով օգտագերերի ուղարկած լուսանկարներին և տեսաձայնագրություններին, որոնք պատկերում են հակամավարակային կանոնների համատարած խախտումները, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/594161314554167/?v=594161314554167
Առավոտյան իր ուղիղ եթերում վարչապետն ընդգծել էր՝ օգտատերերին ուղղված կոչը՝ ուղարկել զանգվածային խախտումներ պատկերով լուսանկարներ, նպատակ չունի «ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրել», ինչպես մեկնաբանում են շատերը, այլ իրավիճակը ճանաչելու, մեր պրոբլեմը ճանաչելու փորձ է։
«Կանոնները, թե ինչ պետք է անենք, որպեզսի թվերը նվազեն, շատ պարզ են։ Կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է․․․ Եվ մի բան է՝ 5 տոկոս հավանականություն, մեկ այլ բան՝ 95 տոկոս։ ․․․Ես մի բան չեմ հասկանում՝ մեր պլան Ա-ն ո՞րն է։ Որ մենք ոստիականական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։
․․․Մենք կարող ենք քննադատել ոստիկանության աշխատանքը։ Երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել նաև ոստիկանության պետի հետ, ԱԱԾ տնօրենի հետ, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ։ Այդ ամենը պարզ է, բայց իմ գործելու մեթոդը եղել է և շարունակում է մնալ նույնը։ 2016 թվականին, երբ ընդդիմություն էի, խոսում էի յուրաքանչյուրի անհատական վարքագծի մասին, այն ժամանակ էլ ասում էին՝ փոխանակ գնա իշխանափոխություն անի, պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, որ չանի ու վերջում ասի՝ դե ժողովուրդը, ինչ անեմ, որ չարեց։ Բայց առանց ժողովրդի մենք ինչպե՞ս էինք իշխանափոխություն անելու։ Նույնն էլ այստեղ է, մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ինքը ուզո՞ւմ է օգնել համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնի, որպեսզի ավելի տարածվի։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են նպաստել վարակի տարածմանը», – ասել է վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2624364177881586/
Սա առողջապահական խնդիր չէ, ընդգծել է Փաշինյանը։ Առողջապահական համակարգն անում է առավելագույնը, մի բան էլ ավել։ Սա կարգուկանոնի խնդիր է։
«Ես, որ խոսքով, հաղորդակցությունով վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն։ Ես ո՞նց անեմ նման բան։ Ես սովոր չեմ, ես այլ կերպ եմ եկել․ մենք խոսել ենք, իրար հետ պայմանավորվել ենք և արել ենք։ Խստացնենք, էլի որ խստացնենք։ Բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել ընդամենն իրար հետ զրուցելով, իրար հետ պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար կոչ անելով, իրար բացատրելով, իրար հարգելով, և հիմա սա ուզում ենք փոխարինենք դուբինկաներո՞վ»։
Հաջորդ լայվում վարչապետը կրկին ընդգծել էր՝ ոստիկանական թերություններին դեռ անդրադարձ կլինի, բայց խախտումներն այն ծավալով, որ կան հիմա, ուժային մեթոդներով լուծելու հարց չէ․ «Չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել և լուծել այն։ Մեր ոստիկանությունը պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, որ կարողանա․․․ Վարչական հատվածները՝ Կենտրոնական բանկի հետ, Պետեկամուտների կոմիտեի հետ, Ոստիկանության հետ, մեր խնդիրն է, ես դրանով կզբաղվեմ անձամբ։ Բայց ես մեզնից յուրաքանչյուրի մասին եմ խոսում․ դպրոցներում ի՞նչ է կատարվում, բանկերում, շուկաներում, Հայփոստում, մաքսատները․․․Խայտառակ վիճակ է։ Սա մասշտաբային պրոբլեմ է, սա կազմակերպչական խնդիր չէ զուտ։ Առանձին վերցրած կառույցը և նույնիսկ Կառավարությունը ի վիճակի չէ լուծել այս խնդիրը, եթե այս խնդիրը մեզնից յուրաքանչյուրն իրենը չի համարում»։
Հիվանդանոցներում տեղերը սպառվում են, ասել է Փաշինյանը։ Արդեն սպառվելու են։ Այս տեմպը մեկ օրում հնարավոր չէ կանգնեցնել․ «Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը։ Ինքներս մեր նկատմամբ, օրենքի նկատմամբ, դիմացինի անվտանգության նկատմամբ, մեզ անծանոթ մարդու շահերի նկատմամբ, որովհետև այս ճանապարհով մենք ոչ մի տեղ չենք հասնի», – եզրափակել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ և այսօր հաստատված նոր դեպքերի թիվը գերազանցել է 500-ը․ երեկ՝ 517, այսօր՝ 515 նոր դեպք է արձանագրվել։ Վերջին մեկ օրում ապաքինվել է ընդամենը 27 հոգի, արձանագրվել է մահվան 15 դեպք․ 12-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ «այլ պատճառներով»։
Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած, 229-ը՝ մահվան ելքով․ 170 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 59 հոգի, ըստ նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»։
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժվում է 6 368 մարդ: