Վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է վարակվածության 515 նոր դեպք, 27 հոգի ապաքինվել է, գրանցվել է մահվան 15 դեպք․ 12-ը՝ կորոնավիրուսից, 3-ն՝ «այլ պատճառներով», հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած, 229-ը՝ մահվան ելքով․ 170 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 59 հոգի, ըստ նախարարության, «մահացել է այլ հիվանդության պատճառով»:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 6 368 մարդ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 61 650 թեստավորում (1733 թեստ՝ վերջին մեկ օրում):
Երեկ երեկոյան՝ պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակում «մենք կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ` կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պաշտպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների` զուգորդելով դրանք պարետային ժամով և այդպես շարունակ, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին իրար հետ համագործակցելով` կառավարություն, քաղաքացիներ, հասարակական հատված, հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ»։ Նա կոչ էր արել իրավապահ մարմիններին խստացնել վերահսկողությունը և պատասխանատվության ենթարկել կանոնները չպահպանող բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին՝ ամենակոշտ և ամենաչոր ձևով։ Վարչապետն ընդգծել էր՝ իրավիճակը փոխելու համար օրեր ունենք՝ ընդամենը 2-3 օր։