Home / Մեդիա / Ձերբակալվել են «Հրանտ Դինք» հիմնադրամին սպառնացողները

Ձերբակալվել են «Հրանտ Դինք» հիմնադրամին սպառնացողները

«Հրանտ Դինք» հիմնադրամի էլեկտրոնային հասցեին մահվան սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկելու առնչությամբ երկու անձ է ձերբակալվել:

Առաջին՝ մայիսի 27-28-ի նամակի հեղինակը հայտնաբերվել է կիրակի օրը Քանյա նահանգում։ Նախօրեին էլ Ստամբուլում ձերբակալվել է հիմնադրամի հասցեին երկրորդ՝ մայիսի 31-ին սպառնալիքներ ուղարկած անձը։ Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն` նրանց 3-ից մինչև 7,5 տարվա ազատազրկում է սպառնում:

Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթիյե Չեթինը «Բիանեթ» տեղեկատվական ցանցի հետ զրույցում նկատել է, որ այդ նամակները փոխկապակցված են և ունեն նույն բովանդակությունը, ինչ Հրանտ Դինքի սպանությունից առաջ ստացված սպառնալիքները: Ըստ փաստաբանի՝ երկրի ղեկավարության հռետորաբանությունն ու գործածած ատելության խոսքը խրախուսում է նմանօրինակ հարձակումները:

https://www.facebook.com/hrantdinkfoundation/posts/3359258260780689

Հրանտ Դինք հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն` մայիսի 27-28-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որտեղ մեղադրանքներ են եղել, թե հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ է պատմում», երկիրը լքելու պահանջ է պարունակել, ինչպես նաև մահվան սպառնալիք Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և կառույցի փաստաբանի հասցեին: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան:

«Վերջին շրջանում ահագնացող խտրական, ատելության խոսքը միայն կարող է խրախուսել նման սարսափելի վերաբերմունքը: Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերի պարտականությունն է աշխատել ամեն քաղաքացու հավասար, ազատ և արդար ապրելու հնարավորություն ապահովելու համար», – ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, դատապարտելով տեղի ունեցածը, իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինքը նման մթնոլորտում սպանվեց. 13 տարի անց Ռաքել Դինքը նույն միջավայրում մահվան սպառնալիքներ է ստացել: Իշխանության կիրառած ատելության լեզուն և քաղաքականությունը կրկին ճանապարհ է բացում ատելության հանցանքների համար: Վերջ տվեք ատելության մթնոլորտին: Գնացեք սպառնալիքների հետքերով»: