Հրանտ Դինքի մահվան հաջորդ օրը նա Հայաստանում դարձավ ցեղասպանության զոհ, երբ վերևից ուղղորդմամբ նրա հիշատակի քայլերթ կազմակերպվեց դեպի Ծիծեռնակաբերդ, որը, ճիշտ է, տեղ չհասավ, շատերը բարձունքի փոխարեն գերադասեցին հարակից ռեստորաններ մտնել, մի կտոր հաց ուտել, բայց այլևս անդառնալի էր միլիոնուկես+1 լինելու նրա հայկական ճակատագիրը։
Մինչ այդ, նրան չէին սիրում ազգայնամոլները թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, մահվանից հետո նա դարձավ հայկական ազգայնական դամբարանի ակնառու մեռելներից մեկը, որովհետև զոհվեց թուրք ազգայնականի կրակոցից։ Մինչդեռ Թուրքիայում շատ առաջադեմ մտավորականներ նրան համարում են իրենց հայրը, արդեն 10 տարի և ավել Դինքի անունը չի իջնում այդ շրջանակներից։ Ժամանակակիցների պատմելով` նա հսկայական ազդեցություն է ունեցել թուրքական հասարակության վրա, նրա խմբագրությամբ Ագոսը մասնավոր ազգային թերթ չի եղել, այլ սպասելի լրագիր թուրքական հասարակության շատ խմբերի համար։
Վերջապես, Հրանտ Դինքի անվան հետ է կապվում թուրքահայ համայնքի ապագետտոյացումը։ Դինքը հայ և թուրք ժողովուրդների համատեղ մեծ մտավորական է, որին երկուսն էլ դեռ պատրաստ չեն ըմբռնել։
#ԲոլորսՀրանտենք
#HepimizHrantız
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ