Արդեն քանի օր է` ֆեյսբուքում ծավալվել է #ՀզորԳիտությունՀզորՀայաստան արշավը, որ տառացիորեն համընկավ գիտության ֆինանսավորման ԱԺ վերջին քննարկմանը։ Երիտասարդ գիտնականները պահանջում են ավելացնել գիտության ֆինանսավորումը, ինչը միանգամայն դրական ու գովելի պահանջ է։ Բայց շատ խնդրահարույց են այս արշավի մի քանի կոմպոնենտ, որի մասին չէի խոսի, եթե չլիներ արշավականների կողմից տարվող մի քանի հստակ գիծ։ Նախ` արշավը բավական կոմպլեմենտար և զգույշ է մոտենում գիտության կառավարման խնդիրներին, ըստ էության, այդտեղ ոչ մի էական խնդիր չի տեսնում։ Քննարկման ժամանակ նույնպես չեմ մտաբերում, որ երիտասարդները անցնեին կոռեկտության սահմանները, սրություն ցուցաբերեին ոլորտի պատասխանատուների նկատմամբ։
Սակայն պարզվում է, որ, ընդհանուր առմամբ, այս կոռեկտ ու անվնաս արշավում, այնուամենայնիվ, կա մի ուրվական, որ Հայաստանի գիտությունը հետ է գցում և պարբերաբար արժանանում երիտասարդ գիտնականների դատին, ծաղրանքին ու ծանակմանը. դա հումանիտար ոլորտն է։ Արշավն անցնում է բացառապես բնական և ճշգրիտ գիտությունների շրջանակում, ներկայացվում են ու հստակ շեշտվում հենց այս ոլորտի առաջնահերթությունները։ Խոսում են, նկարում ու հանրայնացնում այդ ոլորտներում առկա ձեռքբերումները, Հորիզոն 2020֊ից ստացած գրանտները, արտասահմանյան գործունեությունը։ Չիմացողը կկարծի, թե դրանք միայն այս ոլորտներին են հատուկ և երբեք ոչ մի հումանիտար ո՛չ Հորիզոնի ծրագրի է մասնակցել, ո՛չ արտասահմանի տեղը գիտի։ Ինչևէ, ես չեմ ուզում նույն լեզվով խոսել բնագետների մասին և, օրինակ, դատողություններ անել գրականությանը, պատմությանը, փիլիսոփայությանը նրանց ծանոթության մասին։
Գիտությունը կապիտալիստական է` ասում է Ջալոյանը։ Հումանիտար մտքի ճգնաժամի պայմաններում դա խորանալու և կատաստրոֆիկ հետևանքներ ունենալու կբերի։ Գիտություն առանց մարդու. սա է ապագան այս տեմպերով։ Այսօր Հայաստանի գիտության 20 %֊ը ծառայում է ռազմական գործին, վաղը կարող է այս ցուցանիշը ավելանալ, չեմ լսել, որ սրա առիթով որևէ գիտնական մի բան ասի Հայաստանում։ Եւ հումանիտար մտքի առկա պայմաններում դժվար էլ երբևէ ասի։
Ինչքան էլ բնագետներն ապրում են իրենց կղզյակներում, գիտությունը հասարակական է։ Հայաստանի հասարակությունը հասցվել է միջնադարյան նախապաշարվածության աստիճանին։ Երկրի վարչապետը, որ շատ լավ և շատ վատ ելույթներ է ունենում, իր վատ ելույթներից մեկով Հայաստանը հռչակել է նախաարդյունաբերական օսմանյան ընտանիքի մոդելով կառույց` օջախ (տե՛ս թրք. ocak նույնիմաստ բառը): Եւ սա նույնպես հումանիտար մտքի ճգնաժամի հետևանք է։ Սրա կողքին զարգանում կամ զարգանալու՞ է ժամանակակից ֆիզիկա և քիմիա։
Սրանք իմ անձնական մտորումներն են, ես չեմ ակնկալում, որ այս և ուրիշ հարցեր կդառնան հայ տաղանդավոր բնագետների քննարկման առարկան, այնուամենայնիվ, տեղին է հիշել երկու բան, որ գիտության ֆինանսավորման, և մասնավորապես, հումանիտար գիտությունների ներկա վիճակի մեջ իրենց ներդրումն ունեն գիտության կառավարիչները, որ մեծ մասամբ բնական ու ճշգրիտ գիտություններն են ներկայացնում և հումանիտար միտքը Հայաստանում տրամադրել են իշխանության քարոզչամեքենային։ Երկրորդ` շատ մասնագետներ «գիտության» ոլորտից, ի վերջո, անցել են «չգիտության կամ տգիտության» ոլորտ և դարձել են հումանիտարներ կամ առնվազն պահել են սերտ կապ հումանիտար մտքի հետ։ Մնում է հուսալ, որ այսօրվա երիտասարդները ֆինանսավորումից հետո կսկսեն մտածել այս հարցերի մասին էլ կամ գոնե վերջ կտան գիտական ֆաշիզմին։
#գիտության_հանրայնացման_ֆլեշմոբի մասին
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյբուքի էջ