Կառավարության մոտ այսօր բողոքի ակցիա էին անում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց պայքարակիցներ Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին, որոնց ձերբակալել են սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած քաշքշուկի պատճառով։ Սեպտեմբերի 29-ի ցույցից հետո նախարարության և ռազմական ոստիկանության ծառայողները ցուցմունք են տվել Ղուկասյանի և Սարգսյանի դեմ, Քննչական կոմիտեն էլ քրեական գործ է հարուցել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
«Հորինված մեղադրանք է, կարված գործեր են, ուզում են, որ ոչ մեկ ձեն չհանի, որ իրենք հանգիստ ապրեն», – լրագրողների հետ զրույցում ասել է անհայտ կորած Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատը։
Անհետ կորածների հարազատները 44-օրյա պատերազմի տարելիցին գնացել էի պաշտպանության նախարարություն՝ հանդիպում պահանջելու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի և հետախուզության նախկին պետի հետ։ Հենց այս պաշտոնյաներն են, ըստ նրանց, տիրապետում այն տեղեկություններին, որոնք կօգնեն բացահայտել իրենց երեխաների ճակատագիրը։ Այդ օրը նրանց խնդրել էին գնալ և վերադառնալ երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին։ Խոստացել էին ընդունել։
Սեպտեմբերի 29-ին նրանք վերադարձել էին, մոտ 7 ժամ հանդիպման սպասելուց հետո իմացել էին, որ իրենց կարող է ընդունել միայն Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ցուցարարները բողոքում էին՝ Սարգսյանին իրենք ոչ մի հարց չունեն, նրան բազմիցս տեսել են, այդ հանդիպումներից օգուտ չկա։
Ի նշան բողոքի, նրանք որոշել էին փակել ՊՆ շենքի մուտքերը։ Քաշքշուկ էր սկսվել, բայց Ղուկասյանին և Սարգսյանին բերման չէին էլ ենթարկել։ Նրանց ձերբակալել են ցույցից օրեր անց։ «Իրենք ոչ մեկին չեն վնասել, ուղղակի 5 տարի դռնեդուռ ընկնելուց հետո մարդկանց նյարդերն էլ չեն դիմանում», – պատմել է ցույցի մասնակիցներից մեկը։ Արսեն Ղուկասյանը 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբարն է և անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, ի սկզբանե էլ այս ցույցերի ամենաակտիվ մասնակիցներից է եղել։ Ղուկասյանին նախկինում էլ են ձերբակալել և մեղադրանք առաջադրել․ դատարանը նրան արդարացրել է։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ մեղադրյալներին պետք է Աջափնյակ-1 դատարան տանեին, բայց կեսից փոշմանել են և գործը մակագրել Մասիվի դատարան՝ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նիստը այսօր ուշ երեկոյան է լինելու։
թարմացում — Արսեն Ղուկասյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով, Ապիջան Սարգսյանին ազատ են արձակել։ Պաշտպանները պնդում են, որ Ղուկասյանը երկրորդ կարգի հաշմանդամություն և սրտանոթային լուրջ խնդիրներ ունի, երկու անգամ ինֆարկտ է տարել, վիրահատված է, և նրա հիվանդությունները համատեղելի չեն կալանքի հետ։
44-օրյա պատերազմից 5 տարի անց 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ անհայտ կորած են համարվում․ նրանք չկան ո՛չ զոհերի, ո՛չ գերիների ցանկում։ Անհետ կորածների ընտանիքները պարբերաբար բողոքի ցույցեր են անում, ճանապարհներ փակում, տարբեր գերատեսչություններից պատասխաններ պահանջում։ Նրանք մինչև հիմա էլ որևէ տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին։
«Մեզ մի քանի անգամ խոստացել են, որ շուտով որոնողական աշխատանքներ կվերսկսվեն, բայց էդպես էլ ոչինչ չեն արել», – պատմել է հարազատներից մեկը։ Եթե այդ աշխատանքները չվերսկսվեցին այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում դեռ հայեր կային, ոչ մեկ չի հավատում, որ դրանք կարող են սկսվել հիմա՝ Ղարաբաղի ամբողջական կլանումից և հայաթափումից հետո։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավեճի ժամանակ հարց էր տվել, թե ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
Նույն հարցը տալիս են նաև անհայտ կորածների հարազատները, բայց Փաշինյանի կառավարությանը։
«Բա ինչի՞ էիք մեր երեխաներին տանում Ադրբեջան։ Դե հիմա բոլորովդ գնացեք Ադրբեջան և հետ բերեք մեր երեխեքին», – լրագրողների հետ զրույցում ասել է Արսեն Ղուկասյանը։
Օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 9-րդ կետը վերաբերում է հենց անհետ կորած անձանց․ «Կողմերը պարտավորվում են հասցեագրել <…> զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը։ ․․․Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»:
Նշվում է, որ կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով: Երկու ամիս անց ոչ մի առաջընթաց այս մասով չկա։
Վերջերս էլ Բաքվում Անվտանգային միջազգային ֆորումի էր մասնակցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Թե՛ անհետ կորածների և թե՛ գերիների ծնողները հույս ունեին, որ ԱԱԾ տնօրենը լավ լուրով հետ կգա Ադրբեջանից։ Սիմոնյանը, սակայն, վերադարձից հետո էլ այս մասին չի խոսել։ Հարազատները սպասում են նրա հետ հանդիպմանը։
Epress.am Լուրեր Հայաստանից


