44-օրյա պատերազմից երկու տարի անց 303 հայաստանցի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում նրանց թվի և ճակատագրի վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։ Բաքում խոսում է Ղարաբաղյան առաջին պատերազմի անհետ կորածների մասին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022-ի օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։
«Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհայտ կորած», – Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը։
«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։ Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Միջազգային հանրությանը ԱԳՆ-ն կոչ է արել «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը», և շեշտել՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել նաև ՄԻԵԴ-ի կիրառած հատուկ և Արդարադատության միջազգային դատարանի ներկայացրած հրատապ միջոցները։
Բաքուն, իր հերթին, նախընտրել է խոսել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 3890 ադրբեջանցիների մասին։ Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի տվյալներով, նրանցից 3171-ը զինվորականներ, իսկ 719-ը՝ քաղաքացիական են։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հաբիբ Միքայըլլին հայտարարել է, որ հայկական կողմը զանգվածային գերեզմանների վայրերի մասին տեղեկատվություն չի տրամադրում։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայկական կողմը Ադրբեջանին էր փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 138 անհետ կորածների մասունքները։ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ միասին Բաքուն նախատեսում է էքսգումացիայի պիլոտային ծրագիր իրականացնել։
Ղարաբաղյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմից 37 անհետ կորած կա, հղվելով Կարմիր խաչին՝ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հաբիբ Միքայըլլին։
Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:
շապիկի լուսանկարը՝ Emanuele Satolli, 2020-ի հոկտեմբեր, Լեռնային Ղարաբաղ