Ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Պաշտպանության նախարարության մոտ էին։ Օրեր շարունակ նրանք հավաքվում են ՊՆ շենքի դիմաց՝ իրենց երեխաների մարմինները գտնելու և վերադարձնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու պահանջով։ Նրանցից շատերն արդեն 20, 30, 40 օր լուր չունեն որդիներից․ ծառայակիցներից հավաքված բանավոր պատմությունները, ասեկոսեները պաշտոնական հաստատում չեն ստանում։ Մարմինները գտնելու անհատական և տևական ջանքերը մնում են անարդյունք։
Պաշտոնական աղբյուրները հիմնականում լռում են․ ցույցի դուրս եկող հարազատներին մի քանի անգամ հանդիպել էր արդեն նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պարբերաբար նրանց մոտ են իջնում ՊՆ այլ պաշտոնյաներ։ Պատասխանները միանման են․ «Աշխատանքներ են ընթանում»։
Նախօրեին 25 կորած զինծառայողների ընտանիքների անդամներին կառավարությունում ընդունել էր նաև Նիկոլ Փաշինյանը․ վարչապետը հավաստիացրել էր, թե «նրանց ցավն ընկալում է որպես ընդհանուր ցավ» և հույս հայտնել, որ առնվազն շատ մեծ թվով մարդկանց կկարողանան գտնել և վերադարձնել։ Փաշինյանը պատասխանել էր նաև ներկաների հարցերին։
Ծնողները, սակայն, պնդում են, որ ո՛չ վարչապետից, ո՛չ էլ մյուս պաշտոնյաներից առարկայական պատասխաններ մինչ այժմ չեն ստացել։ Նրանցից շատերը վստահ են, որ իրենց որդիները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Երբ են սկսվելու որոնողական աշխատանքներն այդ տարածքներում՝ մինչ օրս հայտնի չէ։ Ինչ ընթացիկ պայմանավորվածություններ կան և որքան է ձգձգվելու այս գործընթացը՝ պաշտոնյաները հստակ պատասխանելուց համառորեն խուսափում են։
Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների հարցերով հանձնաժողովի (գործում է նոյեմբերի 3-ից) նախագահ Վիտալի Ոսկանյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ զինադադարի հաստատումից և մի շարք ընթացակարգերի շուրջ պայմանավորվածություն ձեռբերելուց հետո Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ որոնողական աշխատանքներ են սկսել հայկական կողմի վերահսկողության տակ գտվող տարածքներում։ Ընթանում է աճյունների փոխանակման գործընթացը։
Ջաբրայիլը, Կուբաթլուն, Զանգելանը և մյուս հատվածները, որ պատերազմի ընթացքում անցել են Ադրբեջանին, հայկական կողմի համար դեռևս հասանելի չեն։ Հասանելի չէ նաև միջանկայլ կարգավիճակ ունեցող Հադրութը։ Ոսկանյանը նշել էր, որ այդ տարածքների շուրջ ռուսական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որպեսզի ադրբեջանական կողմը այդտեղ մտնի ոչ թե միայնակ, այլ հայկական կողմի կամ ռուս խաղաղապահների հետ միասին։ Այդ տարածքներում մնացած մարմինների ճակատագիրը զինադադարից 15 օր անց մնում է անորոշ։
Նախարարության մոտ հավաքված հարազատները որոշել են բողոքը տեղափոխել Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Ծնողները մտադիր են ուղիղ դիմել ռուս խաղաղապահներին, խնդրել, որ նրանք որոնողական աշխատանքներ սկսեն այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը հայկական կողմին թույլ չեն տալիս մտնել։ Այժմ նրանց մեծ մասը Ռուսաստանի երևանյան դեսպանատան դիմաց է։ Որոշները գնացել են Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ։