Ղարաբաղում պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների բարեկամները հերթական անգամ բողոքի ցույց էին կազմակերպել Էջմիածնի զորամասի մոտ, նամակ հանձնել Երևանում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին և հավաքվել պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում։ Մոտ երկու ժամ անց նախարարությունից տեղյակ պահեցին, որ զբաղվում են խնդրով և երկու օրվա ընթացքում պատասխաններ կտան։ Հարազատները որոշեցին ևս երկու օր սպասել։
«Հույսներս կտրած՝ գալիս ենք։ Ավելի լավ է՝ Ալիևին դիմենք, Ալիևին խնդրենք, թող ընդառաջի, մեր երեխեքին տա», – ասում էին պետական կառույցների անգործությունից դժգոհ ծնողները։
Շիրակի մարզից եկած ընտանիքն իր 19-ամյա որդուց 64 օր տեղեկություն չունի։ «Թող գոնե ինձ ուղղություն ցույց տան, ես գնամ, գտնեմ», – ասում է երիտասարդի հայրը։
Տղամարդկանց մեծ մասը հրաժարվում էր խոսել տեսախցիկի առջև։ Փոխարենը, փոքր խմբեր կազմած, նրանք զրուցում էին միմյանց հետ կամ պարզապես կցկտուր, բայց բոլորին հասկանալի մտքեր արտահայտում։ Կարծես, դեռ չհնչեցված հարցերի պատասխանեին, երբ ասում էին, որ հոգնել են խոսալուց, «հոգնել ենք ձեր դեմքերից էլ, ամեն ինչից էլ»։ Դրան էր հաջորդում մյուսի միտքը՝ «թողնելու ենք, գնանք․․․ եթե մի տոկոս հիմք կար մնալու, հիմա էդ էլ չկա»։
Լրագրողների հետ շփումներից և նույն բանը բազմաթիվ անգամներ կրկնելուց հոգնած տղամարդիկ նախընտրում էին զրուցել միմյանց հետ․ վերհիշում էին փաստերը, պատմում՝ երբ էին իրենց անհետ կորած բարեկամի հետ վերջին անգամ խոսել, ասում, որ երկիրն անտեր է, հիշում Սովետը։
Հավաքները դադարեցնելու մասին մարդիկ չեն մտածում, սակայն հետագա անելիքներից էլ դժվարանում են խոսել։ Թվում էր՝ փորձում են դիմադրել «պետության անգործությանը» սեփական նախաձեռնողականության միջոցով։ Բայց գործողությունների շղթան նույնն է․ այցեր՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ ու ցույցեր՝ ռազմական գերատեսչության մոտ։
Սակայն դա ևս ամեն օր չես անի, երբ բնակվում ես, օրինակ, Ջերմուկում։ Այդ քաղաքից են անհետ կորած 33-ամյա պայմանագրային զինծառայող Զաքարյան Մխիթարի մայրն ու կինը և մոտ 6 տարեկան երեխան, ովքեր ավելի ուշ միացան հավաքվածներին։ 50 օր է՝ տեղեկություն չունեն։
Կինը ոչ մի կերպ չէր կարողանում, ինչպես նա էր ասում, մտքերը ճիշտ ձևակերպել։ Հուզմունքից խնդրում էր ընդհատել նկարահանումը և արդեն երրորդ փորձից հետո պատմեց․ «Տարել են Ջաբրայիլ, ամսի 12-ից անհայտ կորած ա, մինչև հիմա տեղեկություն չունենք։ Ոչ մեկին չի հետաքրքրում։ Ում հարցնում ես, ասում են՝ գնացեք էս հասցեով, գնացեք էն հասցեով։ Մենք չենք կարողանում ոչ մի տեղեկություն ստանալ»։
Դժգոհ են նաև Վայքի գնդի հրամանատարական ողջ անձնակազմից։ «Իրենք միտումնավոր տարել են երեխեքին․․․ Ավտոմատ են տվել, առանց նախապատրաստելու իրանց տարել, լցրել են, կրակ ա լցվել իրանց գլխին․․․ Մենք շատ դժգոհ ենք էս պետությունից, էս ժողովրդի վիճակն ի՞նչ ա, մե՞ղք չենք», – ասել էր զինծառայողի մայրը։
Ինչպես շատ այլ դեպքերում, այսօր ևս հարազատներն ասում էին, որ պետական կառույցներն իրենց հետ կապ չէին հաստատել։ Իսկ երբ ընտանիքների անդամներն իրե՛նք են դիմում, լսում են «պատերազմ էր, ի՞նչ անենք» պատասխանը։
Զաքարյանի կինն, այնուամենայնիվ, համոզված էր՝ պետությունը տեղյակ էր իրավիճակից․ «Շատ էլ լավ տեղեկացված են եղել, որ իրանք չեն էլ կարա․․․ որովհետև դավաճանել են, սաղ դավաճան են»։ Հարցին, թե ո՞վ էր դավաճանել, երիտասարդ կինը պատասխանել էր․ «Դե, լավ էլ իրանք իմացել են, որ էդ գունդը [հակառակորդի] գալիս ա։ Դեռ ավտոները չկանգնած՝ կրակը վրեն թափել ա։ Ինչի՞ համար․․․»։
Ավելի ուշ կորածների հարազատները ստիպված եղան հիշեցնել, որ իրենց ցույցը քաղաքական բնույթ չի կրում։ Դա եղավ այն պատճառով, որ ոմն տղամարդ կարծիք էր հայտնել, թե գերիներին պահել են հատուկ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով․ «Ասում են՝ գերիներին տանք, որ անցնցում հեռանա»։
Նրան լռեցնելուց և ակցիան դադարեցնելուց հետո մարդիկ պայմանավորվեցին միմյանց հետ կապի մեջ լինել։
Խմբագրության ճանապարհին տաքսու վարորդը հետաքրքրվեց՝ ովքե՞ր էին նախարարության մոտ հավաքվել, փաստեց «ահավոր վիճակ»-ը, այնուհետև հիշեց «դաշնակա-վանեցյանների» մասին․ «Էս մարդկանց հասկանում եմ է՛, ախր, բայց այ նրանք էլ ոնց որ ինադու անեն․․․»։