Նոյեմբերի 11-ին Ղարաբաղի ու Հայաստանի 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում։ Ավելի ուշ ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որը վկայում է ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:
Ղարաբաղի ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիների ինքնությունը, նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:
Օմբուդսմենը դատապարտել է նրանց բռնի անհետացման փաստը և հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը:
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից», – ասված Ղարաբաղի ՄԻՊ հայտարարությունում։
Նշենք, որ Հայաստանը նախօրեին դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու, նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը ապահովելու և նրանց անմարդկային վերաբերմունքից պաշտպանելու պահանջով։