Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող եռակողմ հայտարարության վերանայումը կանխելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք այժմ չենք տեսնում [Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների եռակողմ] հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու փորձեր… Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն», – РИА новости-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, թե ԱՄՆ և Ֆրանսիան սպասում են ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարմանը վերաբերող մասնրամասների, Ռուսաստանի ԱԳ նախարարը որակել է որպես «տարօրինակ»։
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի մանրամասները արդեն իսկ «հաղորդվել են դիվանագիտական խողովակներով»։
«Եթե անկեղծ, ապա, կարծում եմ, նման հայտարարությունը կա՛մ արտացոլում է նման հայտարարություն անողի անբավարար տեղեկացվածությունը, կա՛մ սա պարզապես թյուրիմացության հետևանք է»,- ասել է Լավրովը: