ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Նիստի մեկնարկից առաջ տեխնիկական խնդիրներ էին ծագել, որոնք կարող էին կապված լինել վերջերս շենք ներխուժած մի խումբ երիտասարդների գործողությունների հետ։
Ձեզ ենք ներկայացնում նրա պատասխաններից հատվածներ
– Առաջիկա ամենակարևոր անելիքն է՝ աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, վնասված տները, ենթակառուցվածքները վերականգնվեն, տնտեսությունը սկսի աշխատել, և դա ամենակարևոր անելիքն է, որի վրա ՀՀ և ԱՀ կառավարությունները պետք է կենտրոնանան։ Եվ, իհարկե, կամավորների ներգրավվածությունն այս գործընթացին նույնպես շատ կարևոր է։
– Այսօր առավոտյան, ինչպես ամեն օր, ես հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի նախագահի հետ, և ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել։
– Վերջին 2․5 տարվա մեր սխալը եթե փորձենք ձևակերպել, պետք է արձանագրել, որ մենք չենք կարողացել լրացնել էն ամեն ինչը, ինչ որ մեզ անհրաժեշտ էր լրացնել, բայց, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքմերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է․․․ Այլ բան, որ իրադարձությունների զարգացումն ի ցույց է դրել, որ այդ բոլոր միջոցները բավարար չէին արդի մարտահրավերները սպասարկելու համար մի պարզ պատճառով, որ վերջին ամիսների ընթացքում ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում։
– Եթե խոսենք Հայաստանի ռազմավարական սխալի մասին, կարող եմ ասել հետևյալը․ մեր ամենամեծ սխալը եղել է էն, որ մենք մտածել ենք, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել․ մեկը պատերազմի բացառումը և, եթե շատ հայտնի ձևով ձևակերպենք, «ոչ մի թիզ հող»։
– Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե մենք անվերջ կարող ենք ժամանակը ձգել։ 1998 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացում որոշակի շոշափելի եղել է միայն մեկ ձևակերպում և գործոն, որ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին․․․
– Բանակցային փաթեթների մասին․․․ որևէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է։ Մենք բանակցային փաթեթ ասելով, նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Հաջորդ հարցը, որ էդ բանակցային կոնտեքստում պետք է ծագի՝ ո՞ր դեպքում է, որ որևէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն։ Վերջին 2․5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումներն ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջին և Շուշիից։
– Բանակցային փաթեթը թուղթ է, որի վրա կարող ես գրել քո լավագույն ցանկությունները նույնիկս։ Բայց էդ բանակցային փաթեթներից որևէ մեկն իրագործվե՞լ է։ Մենք խոսում ենք իրականության մասին, թե՞ մենք խոսում ենք տեսական քննարկումների մասին։ Ոչ մեկը չի իրագործվել։ Էդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016 թվականի ապրիլյան պատերազմով սպառվել են։
– ․․․ Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում՝ վայ, էս թղթում Շուշիի մասին բան չկա։ Բան չկա, դրա համար չի իրագործվել։ Կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Էնքա՛ն թղթեր կան։ Որևէ թուղթ կյանքի կոչվե՞լ ա։ Իսկ ինչի՞ կյանքի չեն կոչվել։ Չե՞ն ուզեցել ստորագրել էդ լավ փաստաթղթերը։ Երբ ինձ հարցնում են պարամետրերի մասին, թե որ պայմաններում ինչ էր հնարավոր, ես պատասխանում եմ, որ պայմաններում էր ինչ հնարավոր։ Ես չեմ ասում՝ թուղթ կար, որի մեջ կարելի էր գրել սա կամ նա։ Ես ասում եմ՝ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում։
– Եկեք նայենք վերջին 20-25 տարում ինչ է տեղի ունեցել միջազգային ատյաններում․ տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ, որոնք այս իրողությունն արձանագրել և ամրացրել են։ Եվ մեր մեծագույն սխալը էն ա եղել, որ մենք երկու սցենարներից ընտություն չենք կատարել որևէ մեկի օգտին, նկատի ունեմ՝ պատերազմի բացառում կամ ոչ մի թիզ հող․․․ Մենք պետք է ընտրեինք՝ կամ էն ենք ընտրում, կամ էն ենք փնտրում։
– Մենք, անկեղծ ասած, փորձել ենք էդ ընտրությունը կատարել և, ճիշտն ասած, կատարել ենք, այլ բան, որ մենք 2․5 տարվա ընթացքում չենք կարողացել անել այն և այնքան, որպեսզի այդ ընտրությունը երաշխավորվեր։
– Անվտանգության խորհրդի նիստերում մի քանի անգամ քննարկվել է, կատարվել է գնահատում և հաշվարկ, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկվամ դեպքում մենք ինչ տնտեսական ունենք, զենքի ինչ պոտենցիալ ունենք և այդպես շարունակ։ Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը․․․ Մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պռոցեսին ներգրավվելու։
– Ընդհանրապես, շատ կարևոր հարց է, թե ինչո՞ւ պատերազմը կանխարգելելունն ուղղված գործողություններ չեն կատարվել։ Որովհետև պատերազմը կանխարգելելունն ուղղված գործողությունը հետևյալն էր․ Հայաստանի Հանրապետությունը պետք է համաձայնվեր «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին․․․
– Մեր որոշումը և դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է առավելագույնս կոնսոլիդացնենք ուժերը, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք։
– Այո, պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է Հայաստանի օրակարգում, բայց երբեք Հայաստանի օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելու ամեն ինչի գնով․․․ Ես չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել։
– Մեզ երկու բանի մեջ էին մեղադրում, ասում էին՝ բանակցային գործընթացը ձախողում են և, երկրորդը, մեղադրում էին հողեր հանձնելու մեջ։ Մեղադրում էին նրանում, որ պատերազմը չենք կանխարգելում, և նրանում, որ մենք հողեր ենք հանձնում։
– Ի վերջո, ի՞նչ էին ուզում։ Ուզում էին, որ պատերազմը կանխարգելվե՞ր, թե՞ ուզում էին, որ հողեր չհանձնվեր։ Իսկ հիմա մեզ ուրիշ բանի մեջ են մեղադրում․ ինչի՞ շուտ չհանձնեցիք հողեր, որ պատերազմը կանխարգելվի, ինչի՞ շուտ չհանձնեցիք հողեր, որ պատերազմն ավելի շուտ կանգներ․․․ Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել նույն պայմաններով, ինչ որ կանգնել է։ Մենք որոշել ենք պայքարել այնքան ժամանակ, մինչև էդ պայքարն իմաստ ունի։
– Մենք մեր ընտրությունը կատարել ենք, և չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել, բայց, այո, մենք մեր կառավարության շրջանում չենք հասցրել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր։
– Վերջին 2.5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Արցախի կարգավիճակից, իսկ տեսանելի ապագայում՝ նաև կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից»:
Բանակցային փաթեթներ, ըստ նրա, եղել են՝ որպես թուղթ, որի վրա հնարավոր էր գրել լավագույն ցանկությունները նույնիսկ, բայց դրանցից որևէ մեկը իրագործելի չէր լինի:
– Մենք խոսում ենք իրականությա՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին: Ոչ մեկը չի իրագործվել:
Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունն Ապրիլյան պատերազմով սպառվել էր: 2016-ի ապրիլից հետո ունեինք երկու հնարավորություն. կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները։
Ուզում են ասել, որ ինչ-որ իրավիճակում եղել է ավելի լավ բան, և Հայաստանի կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է: Մեկը հասկացա՞վ Ապրիլյան պատերազմն ինչո՞ւ և ի՞նչ պայմանով կանգնեց։
Քաղաքական ուժերի մեղադրանքներին պատասխանելով՝ վարչապետը հիշեցրել է, որ պատերազմի առաջին օրը ԱԺ-ում նշել էր՝ ինչպես ու ինչ պայմաններով կարելի կլինի պատերազմը կանգնեցնել: Պայմանը տարածքների միակողմանի զիջումն էր։ Ըստ Փաշինյանի՝ այդ տարբերակը խորհրդարանում մերժվել է։ Այն մարդիկ, որոնք միանշանակ դեմ էին այդ որոշմանը, հիմա հարցնում են՝ պատերազմն ինչո՞ւ չի կանգնեցվել:
– Այսօր ասում են դավաճան եք: Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել: Մեկ զոհերի մեջ են մեղադրում,- ճիշտ են անում, իրավունք ունեն,- մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում, ասում են՝ էն 30 հազար զինվորի կյանքը որ փրկել եք, ինչի եք փրկել, թող մի 10 հազար հոգի էլ զոհվեր։
– Հանրային համերաշխության վերականգնման ամենակարևոր կետն, իմ կարծիքով, ներքաղաքական և ներքին կյանքում բռնության բացառումն է և բռնությունների դատապարտումը։ Հայաստանի կառավարության գործիքակազմում բացառվում է բռնությունների հրահրումը, առավել ևս՝ զինված, ես այդ մասին հայտարարեցի ձեզ հայտնի առիթող, երբ մեզ փորձ է արվում վերագրել մտադրություններ, որոնք կապ չունեն մեր մտադրությունների հետ։
– Մեղադրում են, ասում՝ վարչապետը քաղաքացիական պատերազմ է հրահրում․․․ ավելի անհեթեթ մեղադրանք դժվար է պատկերացնել, բայց ես ասում եմ, որ էս խոսակցությունը լավ առիթ է, որ ընդդիմությունը նույնպես հայտարարի, որ իր գործիքակազմում բռնի մեթոդներ գոյություն չունեն և չեն ունենալու։ Դա շատ լավ հնարավորություն կստեղծի, որպեսզի երկխոսությունն իսկապես տեղի ունենա։
– Ինչո՞ւ եմ մի փոքր կասկածելով դա ասում, որովհետև մինչև հիմա էդ բռնությունները դատապարտված չեն։ Կառավարության շենքի նկատմամբ հարձագումը, Ազգային ժողովի նկատմամբ հարձակումը, կառավարական կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից․․․
– Այո, բանակցային օրակարգը ձևավորման փուլում է, մեզ համար բանակցային օրակարգում կարևորագույն խնդիրը ԼՂ կարգավիճակն է, իհարկե, նաև փախստականների վերադարձի հետ կապված հարցեր, անվտանգության հետ կապված հարցեր, զարգացման հետ կապված հարցեր։ Պետք է ամբողջ հնարավոր ներուժը ներգրավվի, որպեսզի կարողանանք էդ հարցում առավել էֆեկտիվ լինել։ Եվ մենք առիթ ունեցել ենք ասելու, որ խորհրդարանական դիվանագիտության դերը ամենևին էլ չպետք է թերագնահատել, և խորհրդարանը պետք է լիարժեք ներգրավված լինի այս գործընթացում՝ խորհրդարանական դիվանագիտության գործունեության հարթակներում, իհարկե։
– Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է։ Այսօր, հենց այսօր չեմ կարծում, որ մենք էդ հնարավորությունն ունենք, որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունը և օրինականությունը ՀՀ-ում և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը։ Առաջին խնդիրը կառավարության այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին։
– Ես ասել եմ, որ մեր խնդիրն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որում հետագա որևէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը։ Ի՞նչ նկատի ունեմ “ժողովրդի իշխանության լինելիություն” ասելով։ Բացառված է, որ ես կոնկրետ որևէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությունը և իրավունքը։
– ․․․ Համերաշխություն ինչպե՞ս է հնարավոր ապահովել ամենա հակադիր տեսակետներ ունեցող քաղաքական ուժերի միջև։ Դրա համար կա մի պայման, որը ես այսօր առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական մասնակիցները և գործող անձինք հստակ արձանագրեն, որ դատապարտում են բռնության որևէ դրսևորում, և իրենք գործիքակազմում չի լինելու բռնություն որևէ պարագայում։
– Բայց մյուս կողմից ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգն ի վիճակի է կանխել այդպիսի որևէ դրսևորում։ Հիմա դուք կհարցնեք “բա ինչի՞ ամսի 9-10-ին չկարողացավ կանխել”։ Մի պարզ պատճառով՝ և՛ ոստիկանության զորքերի, և՛ ԱԱԾ, և՛ Պետական պահպանության ծառայության ուժերի մեծ ներուժ գտնվում էր առաջնագծում։ Եվ մենք չեինք մտածում, որ Երևան քաղաքի կենտրոնում պետք է պաշտպանվենք հարձակումներից։
– Մենք այսօր կարող ենք հետևյալ եզրակացությունն անել․ շատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կան, ովքեր լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի մասին որևէ լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետև այդ նրանց կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուն։ Մեր երկրում համատարած ինստիտուտների պրոբլեմ կա․ էսօր որ խոսում ենք մեր դիվանագիտական և մնացած կարողությունների մասին, դրանք ինչի՞ արդյունքում պետք է ստեղծվեին։ Ներդրումների արդյունքում, իսկ էդ ներդրումները տասնյակ տարիներով չեն կատարվել։
Ի պատասխան պատերազմական գործողությունների մասնակիցների հոգեկան վիճակի բարելավմանն ուղղված ռեսուրսների մասին հարցին․
– Առողջապահության նախարարի հետ աշխատանքային քննարկման ժամանակ քննարկել ենք նաև այդ հարցը։ Մասնավոր հատվածից կան նախաձեռնություններ, կան գործարարներ, ովքեր կամավորության սկզբունքով ուզում են իրենց ներդրումն ունենալ այդ ոլորտում, ընդհուպ՝ ստեղծել համապատասխան կենտրոններ, որտեղ այդ ծառայությունները կմատուցվեն։
– Ես չեմ կարծում, թե կա ուժ, որի հետ հնարավոր չի երկխոսություն, այլ բան, որ դրա համար պետք է ցանկություն։ Իսկ այդ ցանկությունն արտահայտելու ձևը կոնկրետ այս իրավիճակում բռնության բացառման մասին հայտարարությունն է։ ․․․ Նաև երկրում էմոցիոնալ իրավիճակ է, և մենք պետք է առավել ուշադիր պետք է լինենք հայտարարությունների, արտահայտությունների, ամեն ինչի նկատմամբ։ Պետք է, գուցե, ընդունենք նաև, որ պետք է կրկնակի, եռակի, քառակի ջանք թափենք՝ նման արդյունք արձանագրելու համար։
– Էսօր նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, իրենց կանխատեսումներն են դնում, որ 2018 թվականի ամռանը կամ աշնանն իրենք ասել են՝ հեսա տեսեք՝ Ղարաբաղում ինչ է լինելու։ Ստեղ երեք տարբերակ կա՝ կամ իրենք մարգարե են, կամ իսկապես մենք՝ ձեզ հետ միասին, բոլորով, դավադիր ենք, հատուկ եկել ենք, որ մեր երկրին վնաս տանք․․․ կամ առնվազն ես․․․կամ երրորդ տարբերակ՝ իրենք իմացել են, չէ՞, ուր ենք հասել։ Բա էդ ապրիլյան (2016) պատերազմը ինչի՞ կանգնեց, ի՞նչ պայմանով։ Մեկը հասկացա՞վ․․․Ո՞նց էղավ, որ էն պատերազմը կանգնեց, էս պատերազմը չկանգնեց, չե՞ք տալիս էդ հարցը։ Էդ ո՞նց էղավ, որ 20 տարի էդ մասշտաբի ռազմական գործողություն տեղի չէր ունեցել, իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին կամ դրանից առաջ․․․ Եվ ինչի՞ կանգնեց, ով ինչ պատրավորություն ստանձնեց։ Իրանք գիտեին՝ էդ հարցն ուր ա հատել․․․
– Ընդդիմության կողմից հնչում է․․․ էս պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու։ Ես ընդունում եմ, ոչ մի խնդիր։ Դառը իրողություններ չեն պարզվելու․ հիմա ես էդ դառը իրողությունների մասին ձեզ հետ խոսում եմ, խոսել եմ։ Մի մասի մասին է՛ս փուլում չենք խոսում, մի երկու ամիս անցնի, դրա մասին էլ ենք խոսելու։
– Ռազմական դրության առաջին օրն ասել եմ էս ամբիոնից՝ ժողովուրդ ջան, հենց հիմա կարող ենք պատերազմը կանգնեցնել։ Ստեղից ասում էին՝ ոչ, ոչ, ոչ մի դեպքում։ Հիմա ինձ ասում են՝ խի՞ չեք կանգնացրել․․․ Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել։ Մեկ զոհերի մեջ են մեղադրում – ճիշտ են անում, իրավունք ունեն, – մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում։
– Միֆ համար մեկ՝ կապված նրա հետ, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան էն չէր, դրա համար էսպես ստացվեց։ Վերջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել։ Երկրորդը՝ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ և պատերազմի ընթացքը փոխվի, բայց ես փորքոգի կերպով էդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական բարենպաստ ընթացքից։ Էդ մեսիջներն ինձ էլ են հասել ժամանակին, և ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել մարդկանց հետ, ում հետ էդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարո՞ղ է իրադրության մեջ որևէ բան փոխել և արդյոք կա՞ էսպիսի կոմպոնենտ էդ պատմության մեջ։
– Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, դրանք եղել են, կան և կմնան ռազմավարական-դաշնակցային և, կարծում եմ, սրանում որևէ մեկը որևէ կասկած չունի։