Ի հեճուկս շահարկումների՝ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելևս՝ զինված) որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում։
Առավոտյան ասուլիսից հետո՝ արձագանքելով երեկվա գրառմանը հաջորդած քննադատություններին, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որևէ հայտարարություն, որևէ ժեստ, որևէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որևէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:
Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում: Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը», — ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսում:
Ներքաղաքական լարվածության ֆոնին վարչապետի՝ նախօրեին արված գրառումը, որում նա՝ դիմելով առաջնագծի զինվորներին, գրել էր․ «Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», բուռն քննադատությունների է արժանացել։ Գրառմանն արձագանքնել է անգամ ՄԻՊ Արման Թաթոյանը․ երկրորդելով ֆեյսբուքյան օգտատերերին՝ օմբուդսմենն այն որակել է որպես «քաղաքացիական բախումների դուրս գալու կոչ»։
Փաշինյանի տարօրինակ հայտարարությանը հաջորդել են նաև նրա թիմակիցների կտրուկ արձագանքները․․․ հրաժարականների տեսքով։
🔺Երեկ ուշ երեկոյան հրաժարական է ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1 – Աշխատանքից ազատման դիմում գրել,
2 – Դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար», — ֆեյսբուքի իր էջում գրեկ է Սիսեռյանը։
🔺 Քիչ անց հեռանալու մասին հայտարարել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։
Մանդատը վայր դնելու մտադրության մասին նա հայտարարել էր նաև պատերազմի մեկնարկից առաջ՝ ՍԴ դատավորների ընտրությունից հետո։ Ավելի ուշ, ճիշտ է, փոշմանել էր։
🔺 Թիմը որոշել է լքել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։
Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից», – ուշ գիշերը Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։
🔺 «Իմ քայլական» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ նախազգուշացրել է՝ «Եթե «Իմ Քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։
🔺 Հրաժարականների շարասյունը շարունակվել է նաև այսօր՝ նոյեմբերի 16-ին։ Առավոտյան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։