Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքով 201 հայ զինծառայող է զոհվել, ևս 28-ը առ այսօր համարվում են անհետ կորած։ Մինչ այժմ հայաստանցի պաշտոնյաները նշում էին, որ «զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը»։ Զինծառայողների անունները չեն հրապարակվել։
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է՝ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նույնականացվել է 201 մարմին։ Ունենք դիեր, որոնք նույնականացված են, բայց, ցավոք, դեռ չեն հանձնվել հողին», – ասել է նախարարը՝ առանց պատճառները մանրամասնելու։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին գրել էր, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով «ունենք 29 անհետ կորած հայ», և հույս հայտնել, որ «Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»։
Աստանայում՝ ԱՊՀ խորհրդի նիստին, նա հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է զոհվածների դիերի դուրսբերմանը, «մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են մնալ միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում»։
Վարչապետը հավելել էր՝ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի կատարվել։
Սեպտեմբերյան բախումներից հետո անհետ կորած զինվորները հարազատները պարբերաբար բողոքի ցույցեր են անում։ Ծնողները նշում են, որ իրենց տղաները մնացել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում, և հայկական կողմը չի կարողանում նրանց տարհանել։ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը սեպտեմբերի 29-ին հաստատել էր՝ մարմինները դուրս բերելու փորձերը «հակառակորդի կողմից հանդիպում են կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, որ ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»։
Ավելի քան 20 օր անց՝ մարմինները դուրս չեն բերվել։ Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 133 զոհված զինծառայողի աճյուն։ Անհետ կորածներին որոնելու հնարավորություն, սակայն, հայկական կողմը չունի։
Պարբերաբար պաշտպանության նախարարության մոտ են գալիս անհետ կորած Վահե Թորոսյանի ծնողներն ու համագյուղացիները։ Զինվորը վերջին անգամ կապի է դուրս եկել հրադադարի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին։ Նա վիրավոր է եղել, թաքնվել է Ներքին Հանդից ոչ հեռու գտնվող ձորակներում։ Ծնողները պնդում են, որ պարզել են տղայի գտնվելու վայրը, և պահանջում են տարհանել իրենց որդուն։ Պաշտպանության նախարարությունը հակադարձում է՝ ադրբեջանական բանակը մինչ այժմ թույլ չի տալիս հայաստանցի զինվորականներին և փրկարարներին որոնումներ անել, «բանակցություններ են ընթանում»։
Զինվորի հարազատները վերջերս փակել էին նաև Մարգարա-Էջմիածին ճանապարհը։ Պաշտպանության նախարարության պատասխանը մնացել էր նույնը։