Home / Բանակ / Անհետ կորածի հարազատները չաշխատող ՊՆ-ին 2 օր են տվել

Անհետ կորածի հարազատները չաշխատող ՊՆ-ին 2 օր են տվել

Կեսօրին պաշտպանության նախարարության մոտ էին հավաքվել անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ծնողներն ու հարազատները։ Հոր խոսքով՝ Վահեն վերջին անգամ կապի է դուրս եկել սեպտեմբերի 15-ին, երեք տեղից վիրավոր է եղել, թաքնվել է Ներքին Հանդին հարակից ձորակներում։

25 օր որդուց լուր չունեն։ Ըստ ՊՆ-ի՝ սեպտեմբերի 13-ին վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով այդ տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ զինվորականների մուտքը Բաքուն արգելում է, որոնողական աշխատանքներ չեն տարվում։ Տեղանքին հասանելիություն չունի նաև Կարմիր Խաչը։

«Ամսի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից հսկվող տարածք։ Խոսքը Ղափանի Ներքին Հանդ գյուղի վերևի հատվածի մասին է։ ․․․Ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Մենակ զորամասի հրամանատարական կազմն է աշխատում։ Երբ ես էնտեղ էի, սմս-ներով, ռուսներին զանգելով ասում էին՝ մարդիկ ուզում են մտնեն էտ տարածք։ Բայց Ադրբեջանը թույլ չի տալիս», – պատմում է զինվորի հայրը՝ Արամ Թորոսյանը։

Սեպտեմբերի 15-ին Վահեն զանգել է մորը և ընկերոջը։ Ծնողների տեղեկությամբ՝ զանգի պահին մենակ է եղել․ «9 ամսվա զինծառայող էր։ Գլխից, ոտքից, ձեռքից վիրավոր էր զանգի պահին։

Ընկերոջը ասել է՝ յաչեյկից իջնում եմ աջ, մոտավոր 7 կիլոմետր եկել եմ։ Էնտեղ կապը շատ թույլ է, բառեր կան՝ չեն լսվում։ Ընկերն ասել ա՝ մնա ըտեղ, որ տեղդ իմանանք, գոնե կարենանք գտնենք։ Ինքն էլ ասել ա՝ էսա զարյադկես կպրծնի, չեմ լսում քեզ, զարյադկես էսա կպրծնի։ Վսյո։ Կապը ընդհատվել ա։ 

Մեզ ՎիվաՍելից թուղթ են տվել, որ ինքը կպել ա Սրաշենի անտենային։ Տեղանքին ծանոթ որսորդներն էլ ասեցին, որ մենակ էտ հատվածից կարար կպներ անտենային, կողքերը կապ չկա։ Ման եկող տղերքից էլ կային, գնացինք Ղափան՝ Կարմիր Խաչ։ Իրենք էլ ասացին՝ 99 տոկոս վստահ ենք, որ էտ ձորակում է։ Էտ տեղեկությունը մենք ունենք ամսի 16-ից, ու ոչ մի բան չի ձեռնարկվում»։

Վահեն Ներքին Հանդի դիրքեր է տարվել սեպտեմբերի 12-ին, հաջորդ օրը կռիվը սկսվել է։ Ողջ մնացած ծառայակիցները նրանից տեղեկություն չունեն։ Հայրն ասում է․ «Ներքին Հանդի դիրքերից՝ 101 պոստից, երեխեքը ոնց կարողացել են փախել են։ Ինքը իջել է դիրքից։ Ծառայակիցները տեղյակ չեն։ Ասում են՝ գոռացին «տղերք, թռանք» ու  վերջ։ Ով ոնց կարողացել է՝ փախել է։ Ի՞նչ ասեն։ Էտ պահին ոչ ոք կողքերը չի նայում»։

ՊՆ-ի մոտ էր նաև Վահեի ավագ եղբայրը․ Խաչատուրը 44-օրյա պատերազմի մասնակից է, ծառայել է Եղնիկներում։ Զորացրվել է, քիչ հետո եղբորն են տարել բանակ․ 

«Ինքը զանգել ա նաև պատերազմի ժամանակ։ Բան չէր ասում, ասում էր՝ սաղ լավ ա, մի անհանգստացեք։ Բողոք չի եղել։ Ես էլ եմ հետը խոսել, ինքը չի բողոքել։ Բայց էսօր մե՛նք ենք բողոքում՝ ամբողջ Հայաստանի Հանրապետության ղեկավարներին, որ ոչ մեկ չի աշխատում։ 19 տարեկան երեխու մասին է խոսքը։ Ոչ մեկ չի աշխատում՝ դա արդեն ապացույց եղավ նաև մեզ»։

Հայրը հավելում է․ «Ես իրանցից իմ որդուն եմ ուզում, իմ երեխուն։ Ես ոչ մի անգամ իրանց չեմ դիմել, երբեք ձեն չեմ հանել, ոչ մի անշնորհքություն մենք չենք արել։ Բայց հիմա իրանք ոչ մի բան չեն անում»։

Ընտանիքի ընկերներից Կարեն Կիրակոսյանը պատմում է, որ դեպքից հետո անմիջապես գնացել են Կապան, փորձել են ինքնուրույն գտնել․

«Մենք ինքնուրույն ամեն տեղ մտել ենք։ Տեղանքին անծանոթ՝ 4 օր անտառների մեջ ման ենք եկել։ Իսկ իրենք ոչինչ չեն անում։ Փախած զինվորներ կան, որ մի քանի օր հետո դուրս են գալիս անտառներից։ Բայց էնտեղ ում ասում ենք, ասում են՝ թուրքի հսկողության տակ է, մենք չեն կարա մտնենք։

Եթե մեր երեխեքին մի օր ուշ ներկայացնենք վայենկոմատ, կբռնեն կդատեն։ Մեզ էլ, մեր երեխեքին էլ հետը։ Բայց էսօր, երբ որ ամիսը լրանում է, ինչ երեխեն չկա, ոչ ոք տեղից չի շարժվում»։

Դիմել են նաև ռուս զինվորականներին, բայց ոչինչ չի արվել։ Ծնողները նաև Կարմիր Խաչին են խնդրել՝ պատասխան չկա։

«Մեզ վստահեցնում էին, թե մենք ուժեղ ռազվեդկա ունենք, ուժեղ բանակ ունենք։ Ո՞ւր ա։ Դե տվեք իմ երեխուն։ Ու իմ երեխու նման լիքը երեխեքի։ Իրենք բանակցություններ են վարում, որ թույլ տան մտնել՝ ամեն տեղ էտ ա պատասխանը։ 

Կարմիր Խաչը պատասխանում է, թե՝ երբ որ վստահ լինենք, որ չեն կրակի, մեր Կարմիր Խաչը և ադրբեջանական կողմի Կարմիր Խաչը կներկայանա էտտեղ՝ որպես խաղաղապահ դիտորդ և այլն։ Ասեցի՝ եթե դուք պետք ա էտքան վստահ լինեք, որ էնտեղ ներկա լինեք, ուրեմն ինձ դա պետք չի։ Ես իմ գյուղացիքով, մենք սաղով կգանք կհանենք։ Ի՞նչ ա նշանակում՝ վստահ պետք ա լինեմ, որ չեն կրակի», – ասում է զինվորի հայրը։

Մեր ամբողջ գյուղը պատրաստ է կտրուկ քայլերի՝ հավելում է ընկերներից մյուսը․ «Ի՞նչ անենք՝ դուրս գա՞նք, ճանապարհները փակե՞նք»։

Պաշտպանության նախարարությունից քիչ անց ծնողներին ներս հրավիրեցին։ Լրագրողների մուտքը արգելվեց։ Մոտ 20 րոպեից նրանք դուրս եկան։

«Նույն պատասխանն ենք ստացել, ինչ միշտ՝ «մենք այդ հարցով զբաղվում ենք»։ Ո՞ւր ա իրանց զբաղվածը։ Ես իմ 19 տարեկան թոռանն եմ պահանջում։ Ասում են՝ գնացել են, որ պիտի մտնեն, ադրբեջանական կողմը չի թողել։ Կրակել են, իրենք հետ են եկել։

Մենք կսպասենք 2 օր։ Ոչ ավել։ Երկու օրից կտեսնենք՝ ինչ ենք անում։ Մենք լրիվ գյուղով, լրիվ Էջմիածինով գալու ենք էստեղ, մենք չենք թողնելու սենց», – պատմեց Վահեի տատիկը՝ Սեդա Թորոսյանը։