Այրվածքներից մահացած 19-ամյա զինծառայողի ծնողները մեղադրում են Պաշտպանության նախարարությանը անփութության ու անպատասխանատվության մեջ։
Սյունիքի դիրքերից մեկում, ըստ ՊՆ-ի, վառարանի կայծից առաջացած հրդեհից այրվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել էր հուլիսի 26-ին Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
«Ազատության» հետ զրույցում ծնողները հիշում են, թե ինչ էր որդին պատմել մահվանից առաջ, ինչ էին լսել նրա ծառայակիցներից ու պնդում, որ եթե ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերվեր, նա չէր մահանա։
«Ինձ հասած տեղեկություններով՝ տեղում բուժօգնություն չի ցուցաբերվել: Իմ տղան է ինձ պատմել: Որդիս պատմեց, որ Կարենը սկսեց աղոթել, ու մենք լուռ քարացած ձայն չէինք հանում: Էնտեղ ընդհանրապես բուժօգնություն չի ցուցաբերվել պոստում: Եթե իրանք ժամանակին հենց սկզբից, հենց վերևից՝ պոստից ճիշտ կազմակերպեին, իմ երեխու հետ էս դեպքը չէր կատարվի», – ասում է Պալյանի մայրը:
Ծնողները դեպքի մասին առաջին լուրը տղայի ընկերներից են ստացել։ Պաշտպանության նախարարությունը միայն 8 օր անց է հաղորդել, երբ զինվորի վիճակը արդեն ծայրահեղ ծանր էր։
«Էդ ինչպիսի հրդեհ էր, որ տեղեկացնում են, թե մի շիշ ջրով հանգցրեցինք, լուրեր են պտտվում, բայց 60%-ով այրվում է երեխուս մարմինը, 20%-ով՝ շնչուղիները։ Էդ ի՞նչ հրդեհ էր, կամ ինչպե՞ս ստացվեց եթե իմ Պալյանս, որդիս ինձ պատմում է՝ ես դռնից գտնվել եմ ամենավերջը ու իմ մահճակալը եղել է անկյունում, էդ ինչպե՞ս ստացվեց, որ վառարանի կողքի տղաները արագ կերպով դուրս փախան, Պալյանը էդ կարգի այրվածքներ ստացավ: Չգիտեմ, էս բոլորն ինձ համար հանելուկ է», – պատմում է զինվորի մայրը:
Ծայրահեղ ծանր այրվածքներով Սիսիանի հիվանդանոց տեղափոխված զինվորին, ինչու՞ սանավիացիայով չեն տեղափոխել Երևանի այրվածքաբանական հիվանդանոց, հարցնում են ծնողները։
«Մեր պետությունը ես գիտեմ, որ բժշկական ուղղաթիռներ ունեն: Ո՞վ է եղել էն բժիշկը, որը ենթադրել է, որ չի կարելի ուղղաթիռ նստեցնել․․․», – ասում է մայրը:
Պալյանի հայրը Պաշտպանական գերատեսչությանն ու անձամբ նախարարին մեղադրում է անփութության ու անպատասխանատվության մեջ։
«Հիվանդանոցում ինչ պետք է եղել, մենք ենք հասցրել երեխուն։ Բայց էդ վիճակին մենք ինչի՞ պիտի հասցնեինք՝ եթե իրանք կային… բա դուք որտե՞ղ եք, ինչի՞ համար եք: Արյունը պիտի բերվեր 10 րոպեյվա, բերել ենք ժամվա մեջ… Ու էդ ամեն ինչը չափանիշներ են, որ մենք կարայինք ավելի շուտ իմ երեխուս փրկեինք։ Ու էդ սաղ իրանց մեղավորությունն է, իրանք պիտի պատասխան տան ամենառաջին պատասխան տվողը պիտի եղնի նախարարը», – ասում է հայրը։
Պալյանի ծնողների կողմից պաշտպանական գերատեսչությանն ուղղված մեղադրանքներին ի պատասխան Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը։
«Կա հարուցված քրեական գործ, և քրեական գործի արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ Եվ եթե կլինեն պատասխանատու պաշտոնյաներ կամ աշխատակիցներ, ովքեր թերացել են, բնականաբար, օրենքի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն նախաքննությունը», – հայտնել է Թորոսյանը: