Home / Բանակ / Ղարաբաղում 2013 թվականին սպանված զինվորի հայրը հացադուլ է սկսել

Ղարաբաղում 2013 թվականին սպանված զինվորի հայրը հացադուլ է սկսել

2013 թվականին Մարտակերտի զորամասերից մեկում զոհված (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպան եղած) զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, Կառավարության շենքի մոտ անժամկետ հացադուլ և նստացույց է հայտարարել։

Դեռևս 2020 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր աշխատանքային խումբ ձևավորել, որը հերթով ու հատ-հատ կուսումնասիրի ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների (ծնողների համոզմամբ՝ կոծկված) գործերը։ Հերթականություն էր սահմանվել, հանձնաժողովը ձևավորվել և անցել էր աշխատանքի։ Մինչ այս ուսումնասիրվել են զինծառայողների Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի, Վալերիկ Մուրադյանի և Արթուր Ղազարյանի մահվան հիմքով հարուցված գործերը։ Հերթը Հովսեփի որդու՝ Արման Մուրադյանինն էր։

Օրեր առաջ հայրն իմացել է, որ հանձնաժողովը շրջանցել է իր որդու գործը և, խախտելով նախօրոք սահմանված հերթականությունը, անցել հաջորդի ուսումնասիրությանը։ Բացատրություններ ստանալ նրան չի հաջողվել։ Ասում է՝ շուրջ տասը տարի դռնեդուռ ընկնելուց հետո սպասելու ժամանակ էլ չունի։ Պահանջում է պահպանել պայմանավորվածությունը և անհապաղ ուսումնասիրել իր որդու քրեական գործի բոլոր հատորները, գնահատական տալ քննիչների արածներին․․․

Նստացույցը սկսելուն պես Մուրադյանին մոտեցան ոստիկանները։ Կարճ ժամանակ անց նրան հրավիրեցին Կառավարության շենք՝ վարչապետի օգնական (գլխավոր դատախազի թեկնածու) Աննա Վարդապետյանի հետ հանդիպման։ Հանդիպումից անմիջապես հետո կառավարության մոտի աստիճաններին նստելն արգելվեց, Հովսեփին ստիպեցին նստացույցը շարունակել մայթին՝ հատակի վրա։

Հոր խոսքերով՝ փակ դռների հետևում վարչապետի օգնականը հայտարարել է, իբր հենց ինքը՝ Հովսեփը, համաձայնել է, որ որդու գործը ուսումնասիրեն վերջում։ Մուրադյանը պնդում է, որ նման համաձայնություն չի եղել։ Վարդապետյանից բացատրություն ստանալ չհաջողվեց․ անվտանգության աշխատակիցներն ասացին՝ զբաղված է, գուցե ավելի ուշ իջնի։

Տե՛ս նաև՝ Զինվորների մահերը կոծկողները պաշտոնի են նաև Փաշինյանի օրոք

Շարքային Արման Մուրադյանի՝ Մարտակերտի զորամասերից մեկում տեղի ունեցած մահվան դեպքի առթիվ 2013 թվականին քրգործ էր հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Գործի նկարագրությունում նշվում էր, որ զինծառայողն ինքնասպան է եղել «իրեն ամրակցված զենքով»։ Հետագայում պարզվել էր, որ զենքը, ըստ զինգրքույկի, Արմանին ամրակցված չի եղել։ Հոր խոսքերով՝ հրազենի վրա բացակայել են որդու մատնահետքերը, նրա հագուստը փոխվել է, քննիչները ոչնչացրել են իրեղեն ապացույցները և անտեսել իրական հանցագործների վերաբերյալ վկայությունները։

Տարիների շարունակ Մուրադյանը բազմաթիվ մանրամասնություններ է ներկայացնում նաև այն մասին, թե ինչպես էր որդին հալածանքների ենթարկվում ծառայության ընթացքում:

Արման Մուրդայանի մահվան արթիվ հարուցված գործը փակվել է։ Փակ է նաև Հովսեփ Մուրադյանի հաղորդման հիման վրա քննիչների դեմ հարուցված քրեական գործը։