Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Այսօր ավելի վաղ նույն կառույցը հաղորդել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, երկրի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Երկու դեպքերով էլ, ըստ ՊՆ-ի, տարվում է քննություն։
Թարմացում 14։37 – Ժամկետային զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» (ՔՕ 360.1) հոդվածով, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ Սիրոյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։
Թարմացում 19։47 – Քրգործ է բացվել նաև ժամկետային զինծառայող Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի մահվան դեպքի առթիվ, ում դին հայտնաբերել էին այսօր առավոտյան։ Հոդվածը նույնն է՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը»։
Նախնական տվյալներով, ըստ ՔԿ-ի, Ռուստամյանը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում արձակված կրակոցից։