Կա՞ն լավ սպաներ։ Ո՞նցն էին բաղնիքներն ու զուգարանները։ Ի՞նչ է նշանակում գեյ լինել հայկական բանակում։ Եթե պատերազմ սկսվի, կգնա՞ս։ Այս և այլ հարցերի շուրջ Epress.am-ը զրուցել է հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողի հետ։
– Ո՞նց ստացվեց, որ գնացիր բանակ, այլ ոչ թե չգնացիր։
– Հենց փոքր տարիքից չի քննարկվել էն տարբերակը, որ չեմ գնալու բանակ։ Որովհետև, գուցե ինչ-որ չափով գեյ լինելս ա պատճառ եղել, էդ «նրբիկ» վիճակն ա պատճառ եղել, որ հետերո ախպերս ամեն ինչ արեց, որ ես գնամ բանակ։ Շատ-շատ պահեր կարամ հիշեմ, որ ախպերս կոնկրետ խոսքի մեջ օգտագործում էր, որ «կգնա բանակ, կուժեղանա, տղամարդ կդառնա»։ Ու գնացի։
– Ո՞նց էիր վերաբերվում փաստին, որ պիտի գնաս։
– Չեմ ասի, որ էդ տարիքում իմ սեփական միտքը ձևավորում էի կամ կարում էի արտահայտեի։ Ես մեծի՝ ախպորս խոսքով ուղեղիս մեջ նստացրել էի, որ «վերջ, ես պիտի գնամ բանակ, պիտի ուժեղանամ»։
Ծառայությունից հետո էդ հմտություններն եկան, որ ինքս պիտի իմ մտքերը ստեղծեմ ու շարժվեմ միայն իմ մտքերով։ Ոնց փորձն ա ցույց տալիս, թեկուզ հարազատի ու տարիքով մեծի մտքերը, որ հալած յուղի տեղ ընդունում ես, դա կարա տանի քեզ շատ վատ բաների։
– Ինչու՞ են բանակ չգնալու համար մարդիկ պատրաստ 20 հազար դոլար վճարել։
– Արդեն ուրիշների, ծառայածների փորձին ծանոթ են լինում ու ծնողները ավելի շատ մտածում են իրանց երեխու ապահովության, բարեկեցիկ կյանքի մասին։ Կամ հենց էդ երիտասարդը մտածում ա իր ապագայի մասին ու ամեն քայլի գնում ա՝ թեկուզ աշխատել-գումար հավաքելով կամ, որոշ դեպքերում, ծնողներին ստիպելով, որ չգնա, խուսափի էդ ամեն ինչից։ Իմ կարծիքով՝ եթե ունես կոնկրետ պատճառներ և կա տարբերակ չծառայելու ՀՀ զինված ուժերում, չծառայել։
Բանակը ինձ տվել ա շատ հետաքրքիր փորձառություն, բայց էլի եթե կա տարբերակ խուսափելու, պետք ա խուսափել, որովհետև դա ուրիշ կյանք ա, ուրիշ կանոններով:
– Ի՞նչ վտանգներ կարող են քեզ սպառնալ բանակում։
– Էնտեղ ամեն վայրկյան կյանքդ հարցականի տակ ա։ Սկսած տարրական բաներից։ Օրինակ՝ երբ գնում էինք հրաձգարան, դասընթացի, էնտեղ ուղղակի վերացական ներկայացնում են, թե ոնց պիտի օգտվես զենքից, բայց հաշվի չեն առնում որ կա, օրինակ, 100-ից ավել կանգնած զինվոր, ու 100-ի մեջ հաստատ կլինեն մի քանիսը, ում ուղղակի ներկայացնելը բավարար չի։
Իմ ծառայության ժամանակ եղավ էդպիսի դեպք․ զինվորը չէր պատկերացնում, որ ինքը էդ պահին շատ վտանգավոր ա, ու լիցքավորված զենքը պահեց զորքի վրա։ Բոլորը պառկեցին գետնին։ Շատ վախենալու էր։ Սա ամենահասարակ օրինակն ա։ Շատ-շատ բաներ կա, որ զինվորներին մանրակրկիտ ձևով պետք ա բացատրել, որը շատ վերացական ա արվում։ Եթե դրա հետևանքով ինչ-որ մեկը սխալ բան ա անում, պատժում են, իհարկե, ամբողջ զորքին: Էդ «բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար» խոսքը ոսկի կանոն ա բանակում, ինչը ես չեմ ընդունում։ Համարենք՝ վաշտում ծառայում են 100 զինվոր ու 100-ից հնարավոր չի մեկը մի սխալ բան չանի ու 100-ն են միշտ պատասխան տալիս մեկի սխալի համար։
Սպաների մոտ դա ոնց որ խաղի նման բան լինի։ Եթե մեկը սխալվեց, միանշանակ բոլորը պիտի պատասխան տան։ Այսինքն՝ ներելու տարբերակը բացառում ենք: Շատ դեպքերում՝ անտեղի, որովհետև իրանք էդ պատասխան տալու պահը շատ են սիրում ու տանջում են զինվորներին ամեն հարկ եղած կամ չեղած ժամանակ։
– Սիրում ե՞ն տանջել։
– Շատ են սիրում տանջել ու շատ են տանջում։
– Ինչի՞ են ըստ քեզ սիրում տանջել։
– Իրանց ուղեղում տպավորված ա, որ կոփում են զինվորներին, բայց շատ դեպքերում էդ ամենը կոփելու հետ բացարձակ կապ չունի:
Որ նոր էի գնացել ծառայության, առաջին ամիսն էր, դեռ պրիսյագը չէր եղել։ Բոլորս նոր էինք, ոչինչ չգիտեինք ու զինվորներից մեկը փախել էր զորամասից։ Բոլորիս շարահրապարակում շարեցին, հետո ասեցին, որ պիտի հենման (ժիմ անելու) դիրքով պառկենք գետնին։ Ես ծառայել եմ Հայաստանի ամենաշոգ տեղերից մեկում, ու դա ամառ էր, հուլիս ամիսն էր, ասֆալտը վառում էր ուղղակի։ Ռեզինից բարձր սապոգներով որ կանգնում էիր մի 5 րոպեից ավել, արդեն հալած ռեզինի հոտը զգում էիր։ Մեզ էդ հենման դիրքով պահեցին մինչև գիշերը չգտան էդ զինվորին։ Մոտ երևի մի 7 ժամ էդ դիրքով մենք մնացինք։
Շատ տեղյակ չեմ՝ ոնց են նախապատրաստվում մինչև զորքի հետ աշխատելը, բայց հենց նոր եկած սպաներն էլ շատ դաժան են սկսում ծառայել, անմարդկային են, որովհետև էդ նույն ձևով շատ դաժան վարվում են իրանց հետ ռազմական ակադեմիաներում։
– Ի՞նչ իմացար բանակում, որ դրանից առաջ չգիտեիր։
– Էն ինչ լսում ենք հեռուստացույցով կամ կարդում ենք ինտերնետում, շատ սեղմ, ճզմած ինֆորմացիաներ են։ Եթե ծառայած չես, չես եղել կառույցի մեջ, պարզ գաղափար չես կարա ունենաս դրա մասին։ Շատ նմանություն ունի, չգիտեմ, նույն․․․
– Բանտի հե՞տ:
– Հա։
– Բանակում «Բանակում» սերիալի նմա՞ն էր։
– Հատվածներ եմ նայել էդ սերիալից, բայց էդ սերիալում ամեն ինչի թեթև տարբերակն ա ցույց տալիս, որովհետև նայում են լիքը ծնողներ։Կարծում եմ, սերիալի կարևորությունը կայանում ա նրանում, որ նորակոչիկներն ինչ-որ պատկերացում ունենան ծառայության մասին: Բայց ասեմ, որ դա կարևոր ա։ Ես շատ ճիշտ արած կլինեի, եթե նայեի մինչև ծառայության գնալը, որովհետև շատ ուրիշ ա էնտեղի կյանքը ու հավելյալ պատրաստվելը հաստատ չի խանգարի:
– Լավ սպա կա՞։
– Հա, կա։ Մենք իրոք ունեինք լավ սպաներ։ Չհաշված, որ իրանք էլ ինչ-որ չափով տանջում էին զորքին, բայց նաև անհանգստանում էին զորքի համար։ Էդ տանջանքներն էլ փորձել եմ ընդունել, որովհետև արդեն էն հարցն էր գալիս, որ մյուսները տանջում էին ու զորքի համար դառնում վատը, իրանք էլ պիտի նույնն անեին, մյուս սպաների հետ խնդիրներից խուսափելու համար: Ասում էին․ «դուք առանձնանում եք մեզնից, դուք չեք պատժում, մենք ենք վատամարդ դուրս գալիս»։ Տենց կռիվներ ու խնդիրներ էին լինելու իրանց մեջ, դրա համար իրենք էլ էին պատժում, բայց նենց, որ զորքին շատ չտանջեն:
– Ծառայության ընթացքում մտքովդ անցե՞լ է սպանել։ Ու՞մ։
– Այո, պատրաստ ես, որ կարող ա սպանես, բայց մտքովդ երբեք չի անցնում, որ էդ պահը կգա: Բայց միշտ պատրաստ ես։
– Հատկապես պոստերու՞մ։
– Հատկապես պոստերում ամեն վայրկյան պատրաստ ես: Կոնկրետ էն պոստը, որտեղ ես եմ մարտական հերթապահություն իրականացրել, հիշում եմ, որ լինում էին օրեր ստանում էինք տեղեկություն, որ տարածքում հետախույզներ կան։ Մանավանդ էդ ժամանակ ձեռքդ զենքիդ ձգանին դրած քայլում ես, ամեն վայրկյան սպասում ես ինչ-որ բանի, բայց նույնիսկ էդ ժամանակ չեմ պատկերացրել, որ կսպանեմ։ Այսինքն, պատրաստ եմ եղել սպանելու, բայց չեմ պատկերացրել, որ պահն իրոք կգա։
– Որևէ ծառայակցի սպանելու մասին մտածե՞լ ես։
– Չէ, չեմ մտածել։ Մի քիչ ուզում եմ շատ խոսել հակառակ կողմին սպանելու մասին։ Հիշում եմ՝ մի պահ շատ էի մտածում էդ թեմայով։ Էդ պատրաստումները, էդ տեխնիկան, էդ թեմաները, էդ իրանց ասած «մարտական ոգին» նենց են install անում քո մեջ, որ դու դառնում ես խաղացող։ Վերջերս էի մտածում ու նմանեցնում էի վիրտուալ խաղի, որտեղ դու գնում ես ու ինչ-որ զորքեր ես սպանում, մի 100 հոգու փռթում ես ու միավորներ ստանում։ Քեզ մի հատ տենց կերպար են սարքում, որ դու պիտի պատրաստ լինես ուղղակի փռթելու։ Քեզ երբեք իրանք չեն ասի՝ «գիտե՞ս ինչ, դու սպանելու ես մարդ, դու պիտի ուշադիր լինես, որ հասարակ քաղաքացի չլինի»։ Էնտեղ ուղղակի պատրաստում են քեզ, որ դու պիտի դիմացինին փռթես, որի համար ստանաս միավորներ։
Եթե չեմ սխալվում, եթե հակառակ կողմից զինվորների էին սպանում, ինչ-որ հավելյալ վարձատրություն էին ստանում։ Դա չէր վերաբերում ժամկետայիններին, այլ պայմանագրայիններին։ Շատ տեղյակ չեմ էդ պահերից, բայց ասածս էն ա, որ սպանելու գաղափարը քո մեջ սարքում են հասարակ մի բան։ Այսինքն, եթե քաղաքացիական կյանքում սպանես ինչ-որ մեկին, ընկալումդ նենց չի լինելու, ոնց ծառայության ժամանակ։
– Իսկ բոլոր այդ «պատրաստություններից» հետո կարողանո՞ւմ էիր դիտարկել ադրբեջանցիներին որպես մարդ։
– Բարեբախտաբար, ես չեմ ծառայել առաջին գծում։ Սահմանից բավականին հետ են եղել մեր պոստերը։ Կոնկրետ ուղիղ կապը չի եղել հակառակորդի հետ։ Առաջին գծում ծառայությունը իհարկե այլ ա: Կարծում եմ մտածելակերպի տարբերություն էլ կա:
– Իսկ այդ «պատրաստությունները» հենց սպանողին ապամարդկայնացնու՞մ են։ Դու զգում ե՞ս, որ դու վիդեոխաղում միավորներ ես հավաքում։
– Չէ։ Ո՞նց ա վիդեոխաղում։ Եթե շատ ես սպանում, դառնում ես թոփ խաղացող։ Նույն սկզբունքն աշխատում ա էնտեղ: Դրանից հետո ավելի գնահատված ես թեկուզ զինվորների շրջանում, «հայրենիքիդ ավելի նվիրված» խաղացող ես, բայց ամեն դեպքում խաղացող ես։ Ծառայության ժամանակ հստակ կապ չկա իրականության հետ: Հենց զինվորների շփումը տարբեր ա մեր առօրյա շփումից։ Էնտեղի արժեհամակարգը տարբերվում ա էստեղինից։
– Ինչպե՞ս է ստացվում, որ բանակում ոչ մարտական մահերի պարագայում բացվում են քրեական գործեր՝ «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Ի՞նչ է առհասարակ նշանակում այդ արտահայտությունը։
– Ես վստահ եմ, որ ցանկացած ծառայած մարդ, երբ կարդում կամ լսում ա էդ «անզգուշություն» բառը, առաջինը գալիս ա միտք, որ դա կարա էդքան էլ անզգուշություն եղած չլինի, բայց ամեն դեպքում քողարկվում ա անզգուշության տակ։ Ինչ ուզում ա լինի, եթե տարբերակ կա քողարկել «անզգուշություն» բառի տակ, ամեն ինչ կանեն քողարկելու համար։
– Ըստ քեզ՝ ի՞նչ է նշանակում գեյ լինել հայկական բանակում։
– Հայկական բանակում գեյ լինելը մի առանձին պատերազմ ա ինքդ քո հետ, որը պահանջում ա զգույշության ավելի բարձր մակարդակ: Քեզ տեղավորում ես այլ իրականության, մի ուրիշ մտքի ու մարմնի մեջ, հարմարեցնում ես քեզ ապրել էդ մտածելակերպով, էդ մարմնում։ Ու առաջնային ուղեկից միտքն էն ա, որ ամեն ինչ պիտի անես, որ չբացահայտվի գեյ լինելդ։ Դրա վրա կենտրոնացած ա անցնում ամբողջ ծառայությունդ։ Էնտեղ լիքը պահեր կա, որ պիտի չգայթակղվես։
Ամեն տեսակի մարդ կա հետդ, ու էդ մարդկանց աչքերը միշտ քո վրա են։ Առավել ևս էն դեպքում, երբ դու իրանցից չնչին չափով տարբերվում ես, թեկուզ քո նրբությամբ, թեկուզ քո բծախնդրությամբ։
– Իսկ ինչո՞վ է հնարավոր գայթակղվել։
– Շատ-շատերի բացահայտվելու հիմնական պատճառներից մեկը բաղնիքն ա։ Դու լողանում ես 30 հոգու հետ նույն բաղնիքում, բայց ցնցուղները 30 հատ չեն, մի 10-15 հատ են։ Այսինքն երկու կամ շատ դեպքերում երեք հոգով պիտի մի ցնցուղի տակ փոխեփոխ լողանաք։ Իմ ծառայությունից օրինակ բերեմ։ Էնտեղ կային մարդիկ, ովքեր, վստահ եմ, հետերո էին ու փորձեր էին անում՝ հասկանալու, թե ով ա գեյ։ Կարող ա լողանալու ընթացքում կայնցնեին (էրեկցիա – խմբ․) իրանց մոտ ու բոլորին նայեին հերթով, որ տեսնեին ով ա իրանց անդամին նայում։
էդ էն առաջին գայթակղություններից ա։ Դու սեքսի հնարավորություն չունես կամ ունես մինիմալ հնարավորություններ։ Ու թեկուզ էդ ամենը քեզ գրավիչ ա, պիտի չտրվես դրան։ Ամենաճիշտը՝ գլուխդ կախ քո գործողություններն անես ու դուրս գաս էդտեղից։
– Եթե բացահայտվես, ի՞նչ կարող է քեզ սպառնալ։
– Նախնական շրջանում մեծ խնդիրներ կարա լինի զորքի հետ։ Ինֆոն միանշանակ կհասնի սպայական կազմին։ Իրանք նախ կփորձեն բացահայտ չխառնվել դրան։ Ավելի ճիշտ՝ իրանց անելիքը կանեն զորքից մի քանիսի միջոցով։ Իրանք միշտ ունեն մարդիկ, ում միջոցով ինչ-որ բան են անում զորքի մեջ։ Ու էդ մարդկանց միջոցով կփորձեն ավելի եփել էդ իրավիճակը, ավելի բացել, բացել, որ իրանց մնա վերջնական մի քայլ անել։ Էդ վերջնական քայլը հիմնականում լինում ա ծառայաության այլ վայր տեղափոխելը։
Շատ կուզեմ իհարկե, որ էդ թեմայով խոսվի, որովհետև էնքան բացեր կան։ Էդ մարդու հետ ամեն ինչ կարան անեն ու հետո էնպես անեն, որ ոչ ոք չիմանա՝ ինչը ոնց եղավ։ Կարան տանեն զուգարան, դաժանաբար ծեծեն, ու հետո հնարավոր չլինի ապացուցել, թե ով արեց դա։
– Հաճախ մարդկանց հեռախոսները վերցնում են զանգելու համար ու անձնական նամակներ կարդում, տեղեկություններ իմանում դրա միջոցով։ Ինչպե՞ս է ստացվում, որ չատերը, օրինակ, նախապես չեն ջնջվում։
– Էնտեղ դու առաջնային ես համարում ոչ թե էդ ինֆոն, այլ հեռախոսդ թաքցնելը, որովհետև էնտեղ ոչ ոք հաշվի չի առնում քո ազատ ժամանակը։ Կարող են ցանկացած պահի հավաքել զորքին։ Շատ դեպքերում՝ հենց հավաքելուն զուգահեռ ինչ-որ սպաներ գնում են ննջասենյակ կամ ընդհանուր սենյակ ու սկսում են փնտրել հեռախոսներ, լիցքավորիչներ, նման բաներ։ Շատ հաճախ իրանք բերում են տոպրակներով հեռախոսներ ու լիցքավորիչներ ու հավաքված զորքի դիմաց ջարդում են։
Այսինքն՝ դու նախ մտածում ես հեռախոսի անվտանգության մասին։ Ամենաճիշտը, կարծում եմ, հենց գրվելու պահին vanish mode-երից օգտվելն ա, որոնք գրածը ջնջում են վայրկյանական։ Եթե մտածես, որ խոսակցության վերջում կարանալու ես ջնջես խոսացածդ, դա 90% հավանականությամբ էդպես չի լինելու։ Մի բան լինելու ա, ձեզ հավաքելու են, կիսատ ա մնալու։ Դու չես հասցնելու էդ ընթացքում հեռախոսդ պահես, ուր մնաց՝ ջնջես էդ ինֆոն։
– Ո՞նցն էին բաղնիքներն ու զուգարանները։
– Իմ ծառայության ընթացքում բարեբախտաբար կային աշխատողներ, ովքեր զբաղվում էին մաքրությամբ, բայց հաշվի առնելով, որ էդ ընդհանուր բաղնիք-զուգարանից օգտվում ա մի ամբողջ զորամաս, պարզ ա՝ չի կարա լինի էնտեղ մաքրություն։ Դրա մասին խոսք էլ չի կարա լինի։ Սովորական ա դառնում էն տեսարանը, որ ինչ-որ լվացարաններ խցանված են, ու ջուրը թափվում ա, ամբողջ հատակը ջուր ա լինում։ Միշտ ա ամբողջ հատակը ջուր, որովհետև մի հինգ լվացարան հաստատ չի աշխատում։ Բաղնիքները որ մի քիչ առանձնացնենք, զուգարաններն ու լվացարանները լրիվ հակասանիտարական պայմաններում են։
– Տաք ջուր կա՞ր։
– Առօրյա օգտագործման համար սառը ջուր էր, բայց շաբաթը մեկ (իսկ եթե պոստերում ես, երկու շաբաթը մեկ) գնում եք լողանալու՝ շատ կարճ ժամանակով։ Ասենք՝ 30 հոգու համար մոտ կես ժամ։
Երևի մի 50-ից ավել ցնցուղ կա, բայց, չգիտես ինչի, դրանցից աշխատում են մենակ 15-ը։ Ինչ-որ խնայողություն ա երևի։ Ստիպում են, որ արագ-արագ էդ ամեն ինչն արվի, բայց պատկերացրու՝ դու լողանում ես շաբաթը մի անգամ ու տենց վռազելով։
– Պոստերու՞մ ոնց էին զուգարանները։
– Մեծ փոս են փորում, իրա վրա ինչ-որ տախտակներ են դնում։ Ու էնքան ա օգտագործվում էդ փոսը, մինչև լցվի։ Հետո փակում են հողով ու նոր փոս են փորում։
– Կա՞ ինչ-որ իրավիճակ, որի պարագայում հետ կգնաս։ Եթե պատերազմ սկսվի, կգնա՞ս։
– Չգիտեմ, թե վերջին պատերազմից առաջ ոնց կպատասխանեի, բայց հիմա միանշանակ վստահ կասեմ՝ չէ։ Կարծում եմ՝ պատրաստ գնալու էնքան մարդ կա ինձնից առաջ, որ նախ իրանց ճանապարհ կտամ։