Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները որոշ դեպքերում օրենսդրության պատճառով չեն օգտվում անվճար բուժօգնության և սպասարկման իրավունքից, վկայում են ՄԻՊ-ին հասցեագրված բողոքները:
Օմբուդսմենի ուսումնասիրությունները փաստում են հետևյալը.
1․ Պարտադիր ժամկետային զինծառայողները, ովքեր ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բուժօգնության իրավունքից։
2․ Այն քաղաքացիները, ում պարտադիր զինծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, բայց զինվորական ծառայության ընթացքում չի իրականացվել, ևս չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից։
3․ Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ում նկատմամբ հաշմանդամության խումբ չի սահմանվել, օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում։
4․ Այն պայմանագրային զինծառայողները, ովքեր զինվորական ծառայությունից արձակվել են պահեստազոր ոչ թե երկարամյա ծառայության կամ ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով, այլ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բուժօգնությունից եթե հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:
Մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բուժօգնություն ու սպասարկում: Մինչդեռ, խնդիրն, ըստ ՄԻՊ-ի, ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում:
Օմբուդսմենի դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման, քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է՝
- սահմանել, որ ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ բուժման կարիք պահանջող հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց տրամադրվելու է անվճար բժշկական օգնություն և սպասարկում,
- այն դեպքում, երբ զինվորական ծառայության ժամկետում չեն լուծվում պլանային բուժման կամ վիրահատության կարիք ունեցող զինծառայողների առողջական խնդիրները, ցուցված բուժումը կամ վիրահատությունն անվճար հիմունքներով պետք է իրականացվի զինվորական ծառայությունից արձակվելուց հետո,
- օրենսդրական փոփոխությամբ ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ հաշմանդամության ձեռք բերելու հանգամանքից,
- նաև ամրագրել, որ նախկին պայմանագրային զինծառայողներն օգտվում են զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության կապակցությամբ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ զինվորական ծառայությունից արձակվելու հիմքից
Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ