44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերով հարուցվել է 12 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 9 մարդու, որոնցից 8-ը կալանավորվել են, մեկը՝ ստորագրություն թողել չհեռանալու մասին։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ, 8 քրգործ՝ 8 մարդու վերաբերյալ մեղադրական եզրակացություններով, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Այս գործերով դատաքննությունը շարունակվում է:
Նման հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ըստ Դատախազության, արձանագրվել են հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
Հաղորդագրության համաձայն՝ այս մարդիկ տարբեր եղանակներով կապեր են հաստատել հայաստանցի զոհված, անհետ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների ու հարազատների հետ, ներկայացել որպես բարձրաստիճան զինվորականներ կամ պնդել, որ սերտ կապեր ունեն Հայաստանի ԱԱԾ-ի կամ այլ երկրի անվտանգության ծառայությունների հետ։
Շահելով զինծառայողների հարազատների վստահությունը՝ նրանք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց հարազատի ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ ՔԿՀ-ում գտնվելու մասին։
Այնուհետև խարդախները պնդել են, որ կարող են այլ երկրներում «իրենց անձնական կապերն օգտագործելով», համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաև գերությունից ազատել նրան և երրորդ երկրի տարածքով տեղափոխել Հայաստան։
Առանձին դեպքերում, գրում է Դատախազությունը, նրանց հաջողվել է ստանալ պահանջված (խոշոր չափերի) գումարների մի մասը, սակայն մեծամասամբ այս մարդիկ բռնվել են՝ չկարողանալով մինչև վերջ իրականացնել իրենց մտադրությունները։