41-ամյա տղամարդը խարդախությամբ ավելի քան 1 միլիոն դրամ է հափշտակել պատերազմին մասնակցած զինծառայողի մորից, իսկ ավելի վաղ՝ շուրջ 735 000 դրամ՝ Կոտայքի մարզի մեկ այլ բնակչուհուց, հաղորդել է Քննչական Կոմիտեն։
Հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթացել է Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև։
Տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, 2020թ. նոյեմբերի վերջերին 41-ամյա տղամարդը կնոջը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Որդու բուժման և Հայաստան տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը մաս-մաս ստացել էիէ ընդհանուր՝ 1․271․000 դրամ։
2020 թվականի դեկտեմբերին տղամարդը Հրազդանի բնակչուհուն հայտնել է, թե Երևանում բնակարան է ստանալու և միջնորդավճարներ մուծելու համար պահանջել է գումարներ՝ հետ վերադարձնելու կեղծ խոստումով: Արդյունքում՝ Հրազդանի բնակչուհին նրան է հանձնել ընդհանուր՝ շուրջ 70.000 դրամ։
Բացի այդ 2019թ. հոկտեմբերին 41-ամյա տղամարդը «Одноклассники» էլեկտրոնային կայքէջով ծանոթացել է Չարենցավան քաղաքի 45-ամյա բնակչուհու հետ, որին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել: Տղամարդը 45-ամյա կնոջից թաքցրել է ամուսնացած լինելու և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, հայտնել է, թե իբր ծառայում է Զինված ուժերում և Երևանում պետք է բնակարան ստանա: Միջնորդավճարներ մուծելու, բնակարանի ստացման համար ծագած վիճաբանության ժամանակ առաջացած խնդիրները լուծելու և հետագայում համատեղ կյանքով ապրելու պատրվակով, 41-ամյա տղամարդը Չարենցավանի բնակչուհուց մաս-մաս ստացել է ընդհանուր առմամբ 735․00 դրամ։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախություն խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: