Մարտի մեկի գործն, ըստ էության, բացահայտված է, հայտարարել է այսօր հրավիրված հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել Մարտի մեկի գործը, եթե սպանությունները բացահայտված չեն: Իմ կարծիքն այն է, որ ճիշտ է` կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում տեղի են ունեցել, բացահայտված են, և դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում»:
2008 թվականին իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, և այս համատեքստում է, որ տեղի են ունեցել սպանություններ, ասել է նախկին քաղբանտարկյալ Փաշինյանը:
Բանակային ղեկավարության հակասահմանադրական վարքագիծը ակտուալ է նաև Մարտի 1-ից 13 տարի անց։ Ելույթի մի հատվածը վարչապետը նվիրեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերջին հայտարարությանը, որում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և մի խումբ զինվորականներ պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։ Ինքը` Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին ներկայացրել առաջարկ՝ Գասպարյանին պաշտոնից հեռացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանն այդ առաջարկը վերապահումներով հետ էր ուղարկել վարչապետին, իսկ վարչապետը նորից ուղարկել է նախագահին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե այն Գլխավոր շտաբի պետը, որը անում է քաղաքական հայտարարություններ, պետք է հեռանա.
– Ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների` Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ:
Այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա, փառք Աստծո, այսօրվա դրությամբ, Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և ես հույս եմ հայտնում, որ չեն էլ հատի, բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Կապ չունի` ով է ստորագրել այդ թուղթը, ով չի ստորագրել, որոշումն այդ թուղթը սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել հրամանով: Երբ որ իմ կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները, այ դա ամենամեծ դավաճանությունն է»: