Home / Դատարան / Մարտի 1-ի գործով արդարացվել են Վարդգես Գապարին և Ասլան Ավետիսյանը

Մարտի 1-ի գործով արդարացվել են Վարդգես Գապարին և Ասլան Ավետիսյանը

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ դատախազության բողոքը, բեկանել նրա մեղադրական դատավճիռը եւ կայացրել արդարացման դատական ակտ։

Մեկ այլ որոշմամբ էլ, որ կայացվել է դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, բեկանել նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Ասլան Ավետիսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը՝ հռչակելով նրա անմեղությունը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։

Հասարակական գործիչ Վարտգեզ Գասպարին դատապարտվել էր 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով խուլիգանության համար, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը՝ ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգության ժամանակ իշխանության ներկայացուցչին չենթարկվելու համար։ Առաջադրված մեղադրանքում նրանք իրենց մեղավոր չէին ճանաչել։

2020 թվականի մայիսին բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ Վճռաբեկ դատարանն արդարացրել էր նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին եւ Սամվել Հարությունյանին։ Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը մասնակի էր բավարարել  բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Օրինական ուժի մեջ մտած այդ դատավճիռների դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել նոր հանգամանքի եւ արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով։