հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ռուստամ Բադասյանը մեկնաբանեց Մարտի 1-ի գործով տուժածների և իրավահաջորդների որոշումը

Ռուստամ Բադասյանը մեկնաբանեց Մարտի 1-ի գործով տուժածների և իրավահաջորդների որոշումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ճիշտ չի համարում դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը կոնկրետ գործի քննության հետ կապելը։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա անդրադարձել է Մարտի 1-ի գործով իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարություններին: Երեկ վերջիններս հայտարարել են, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նրանց խոսքով՝ այլևս չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Նախարարը թեև ասաց, որ ամբողջությամբ ծանոթ չէ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և պատճառաբանություններին, սակայն կարծիք հայտնեց, որ կատարվող դատաիրավական բարեփոխումները բավական ինտենսիվ ընթացքի մեջ են․

«Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությունը և բովանդակությունը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»։ Նախարարը ընդգծեց, սակայն, որ առանձին դեպքերում արդարադատությունից խուսափելու միտումներ է տեսնում։ «Այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, այս խնդիրները կուտակված են տարիներ շարունակ։ Չի՛ կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել»։

Գործով տուժածներն, իրենց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց «ֆիզիկական ներկայությունն այդ անբովանդակ միջոցառմանը։ Այնտեղ գոյություն չունի դատավարության ասվածը, դա էժանագին թատրոն է»։

Փաստաբան Տիգրան Եգորյանը, բացատրելով այս որոշումը, հիշատակեց ընթացող դատավարության անարդյունավետության և «թանկարժեք ժամավաճառության» մասին․ «Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։ Ընկալման և գիտակցման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը կամ դրա ձևավորման անկարողությունն ավելի ակնբախ դարձավ»։