Home / Դատարան / Հայաստանի ՍԴ-ի հարցերի և իրականության միջև ՄԻԵԴ-ը կապ գտնել չի կարողացել

Հայաստանի ՍԴ-ի հարցերի և իրականության միջև ՄԻԵԴ-ը կապ գտնել չի կարողացել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նախկին նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (չկա պատիժ առանց օրենքի) համատեքստում դրա կիրառման վերաբերյալ հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը 2019-ի հուլիսին դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ ակնկալելով ստանալ 4 հարցի պատասխան։ Առանցքային էր Քոչարյանին մեղսագրվող 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի հարցը․ 2008 թվականին այս հոդվածը գոյություն չի ունեցել, այն ժամանակվա քրեական օրենսգիրքում դրա փոխարեն գործել է 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում։ Քոչարյանի պաշտպանները պնդում էին, որ օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքի համաձայն՝ Քոչարյանը չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը ենթադրյալ արարքի կատարման ժամանակ գոյություն չի ունեցել։ Սա, թերևս, ամենակարևոր հարցն էր։

ՄԻԵԴ դատավորները, ի պատասխան այս հարցին, արձանագրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), այլ ոչ թե կատարել վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, նման նախադեպեր կան, Եվրադատարանը դրանց վերաբերյալ արդեն իսկ կարծիք/գնահատական է հայտնել, սկզբունքները հայտնի են, այդ հարցով պետք է զբաղվեին տեղական դատարանները։ 

Առաջին երկու հարցերի պարագայում, որոնք, թերևս, ավելի իրավագիտական և տեխնիկական բնույթ ունեին, պատասխաններ չեն եղել։

ՍԴ-ի հարցերը հետևյալն էին՝ արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 7-րդ և կոնվենցիայի 8-11-րդ հոդվածներում հանցագործություն սահմանող կիրառվող օրենք հասկացությունների նկատմամբ, եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։ Վերոհիշյալ պահանջներն են որոշակիությունը, հասանելիությունը, կանխատեսելիությունը, կայունությունը;  Եվրոպական Կոնվենցիայի հիշատակված հոդվածներից 7-րդ վերաբերում է  «ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել» դրույթին,  8-րդ հոդվածը՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, 9-րդը՝ մտքի, խղճի և կրոնի ազատությանը, 10-րդը՝ արտահայտվելու ազատությանը, իսկ կոնվենցիայի 11-րդ հոդվածը՝ հավաքների և միավորման ազատությանը։

Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատը արձանագրել է, որ չի կարող պատասխանել Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից առաջադրված այս երկու հարցերին, քանի որ չի կարողացել ուղղակի կապ գտնել հարցերի և այժմ Հայաստանում ընթացող դատավարության միջև։

Երրորդ հարցը ևս մնացել է անպատասխան․ կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները, հարցրել էր Հայաստանի Սահմանադրական դատարանը։

ՄԻԵԴ-ի ի պատասխանել է՝ հստակության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ, և այդ դրույթը ներկայացնի հանցագործության բաղադրիչ տարրերը, ինչը ևս հստակ պատասխան համարել հնարավոր չէ՝ նախևառաջ տրված հարցի վերացականության և ոչ հստակության պատճառով։

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Ռոբերտ Քոչարյանի գործն այն ժամանակ քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը և նախկին նախագահի պաշտպանական թիմը դիմել էին Սահմանադրական դատարան՝ երկրորդ նախագահին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, որոշել էր կասեցնել այս դիմումի քննությունը և վերոհիշյալ հարցերով խորհրդատվության համար դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։