Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ, երեկ մենք ունեցել ենք 460 նոր դեպք, մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով մենք արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրանսիայի ցուցանիշները, ըստ էության՝ հավասարվել ենք Ռուսաստանին, այս տեմպով շարունակվելու դեպքում՝ կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Համաճարակի տարածման այսպիսի տեմպը՝ անկախ նրանից, որքան տոկոսն է ախտանիշով և որքանն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի աճի։ Այս մասին Պարետատան ամենօրյա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի կարծիքով, նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3333454456664696/
Վարչապետը կարդացել է այսօրվա ուղերձը, որ տարածվում էր քաղաքով մեկ՝ ԱԻՆ֊ի ավտոմեքենաների միջոցով, որոնք շրջում էին երևանյան բակերով և բարձրախոսով ընթերցում այն․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է։ Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը։ Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը, չախտահանված ձեռքերով մի դիպչեք դեմքին։ Պահպանեք 1.5 մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ։ Դիմակները պետք է փոխել երեք֊չորս ժամը մեկ, կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստված դիմակներ»։
Առանց դիմակի շփվե՛ք միայն ձեր ընտանիքի անդամների հետ, կրկնել է Փաշինյանը։ Խոսքը, ըստ նրա, վերաբերում է նաև հարևանների, գործընկերների, ընկերների հետ շփումներին, և նույնիսկ ընտանիքի անդամներին, եթե նրանք ունեն ախտանիշներ կամ շփվել են վարակակիրի հետ։
«Այսօր հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր, այսինքն՝ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որպեսզի դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Այս պարզագույն կանոնների պահպանմամբ եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերին՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների», – ասել է Փաշինյանը։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է՝ թաղման, հոգեհանգտի արարողությունները, խնջույքները շարունակում են մնալ նոր փոքր բռնկումների պատճառ։ Մեկ հիվանդի մասնակցության հետևանքով որոշ դեպքերում մի ամբողջ գյուղ է վարակվում։ Վարչապետ Փաշինյանն էլ հավելել է՝ դեպք է եղել նույնիսկ, որ կորոնավիրուսից մահացած 80-ն անց մարդու թաղմանը վարակվել են նրա եկրու դուստրերը, որոնք հետագայում նույնպես մահացել են կորոնավիրուսային հիվանդությունից։
Ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում գտվող վարակակիրները այժմ գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ ԲԿ֊ի տնօրեն Արման Հովակիմյանը նշել է, որ հիվանդանոցի մահճակալային ֆոնդը կազմում է մոտ 500 մահճակալ, որոնցից 80-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր 95 տոկոսով զբաղված են վերակենդանացման բաժանմունքի մահճակալները, և մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքներինը։ Մինչ այժմ ԲԿ֊ն ընունել է կորոնավիրուսով մոտ 1470 պացիենտ, որոնցից 450-ը՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որի հնարավորություններն ամենասուղն են այս օրերին։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ճեպազրույցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավիճակը լուրջ է և գնալով ավելի է լրջանում․ վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է, պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են, մեծ մասը՝ առանց ախտանշանների։
Կառավարության ղեկավարը չէր բացառել նույնիսկ կարանտինի վերադարձը․ եթե վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր էլ չմնան, ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումներին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել էր՝ շարունակում են ընդլայնել մահճակալային ֆոնդը, մոտակա մեկուկես ամսում ևս 100 մահճակալ կավելացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում:
Ռեանիմացիաներն այս պահին ամենուրեք խիստ ծանրաբեռնված են։ Երեկվա տվյալներով՝ հանրապետություն կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր հիվանդ, 17-ը թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացված։ Ռեզերվները գնալով սպառվում են։
Մայիսի 29-ի առավոտյան տվյալներով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 5 214 մարդ:
Ընդհանուր առմամբ մինչ այժմ գրանցվել է վարակվածության 8676 դեպք, որոնցից 3297-ն՝ արդեն առողջացած, 165-ը՝ մահվան ելքով․ նրանցից 120-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, 45-ը՝ «այլ պատճառներով»։
Երեկ 1 111 թեստ է արվել, թեստերի գրեթե կեսը՝ դրական։ Վերջին մեկ օրում գրանվել է վարակվածության 460 նոր դեպք, առողջացել է ընդհամենը 10 հոգի, 8 հոգի մահացել է։ Մահացածների տարիքային շեմը բավականին ցածր է․ հիմնականում 60-ից 70 տարեկան։ Ավելի երիտասարդ մարդկանց շրջանում մահացության դեպքերի ակնառու աճ կա նաև։ Մահացածների մեծ մասը ունեն ուղեկցող հիվանդություններ, կան դեպքեր, երբ մահը վրա է հասնում նույնիսկ դրանց բացակայության պայմաններում։