Մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7 774 դեպք, որոնցից 3 255-ն` առողջացած, 142-ը` մահվան ելքով (98-ն, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսից, կորոնավիրուսով վարակված ևս 44 հոգի՝ «այլ պատճառներով»)։
Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 372 դեպք, 35 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 12 դեպք․ 7-ը՝ կորոնավիրուսային հիվանդությունից, 5-ը՝ այլ պատճառներով։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 377 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 53 678 թեստավորում, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Երեկ պարետատան նիստ էր անցկացվել, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, և հայտնել հանրապետության տարբեր հատվածներում սպասվող ռեյդերի մասին։