Home / Առողջապահություն / Վարչապետը զգուշացնում է ռեյդերի մասին, Պարետը՝ կոչ անում ըմբռնումով մոտենալ

Վարչապետը զգուշացնում է ռեյդերի մասին, Պարետը՝ կոչ անում ըմբռնումով մոտենալ

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք, պարետատան նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պարեատատան սահմանած կանոնները, ըստ Փաշինյանի, համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրը մնում է այդ կանոնների պահպանումը։

«Խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գործունեության և հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Այդ բոլոր կանոններից համընդհանուր են մնում հետևյալները․ ձեռքերի պարբերաբար աղտահանումը, դիմակի կրումը հնարավորինս լայնորեն և ամենուր, որտեղ դա հնարավոր է, և սոցիալական հեռավորության պահպանումը։ Վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի», – ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետը։

Մենք չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այս կանները և մանսավորապես դիմակի կրման պահանջը կիրառվի, նշել է Փաշինյանը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը՝ ըստ Պարետատան կողմից և Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնների, կարող են բեկում մտցնել և զրոյացնել կորանավիրուսի տարածման հաճախականությունը կամ դրանք մոտեցնել զրոյին:

Մինչ այժմ գործադրված վարչական լծակները ավելի կխստացվեն, կիրականացվեն, այսօր արդեն սկսվել են, ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով` կանոնների պահպանման վերաբերյալ: Խստացված ստուգումներ կիրանացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի` արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենայում գտնվող բոլոր քաղաքացիները կրում են դիմակներ, ունեն դիմակ, թե ոչ, և այն դեպքերում, երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդները:

Բայց էլի եմ ասում` մեր հիմնական անելիքն այս հարցում մենք համարում ենք մեր քաղաքացիների հետ երկխոսությունը, և նրանց կոչ անելը, որ, այնուամենայնիվ, մեզնից կախվածն անենք, իսկ դա առանձնապես դժվար չէ, չվարակվելու և ուրիշներին չվարակելու համար, որովհետև մենք, ի վերջո, գործ ունենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կյանքերի հետ», – եզրափակել է վարչապետը։

https://www.facebook.com/CivilNet.TV/videos/2944043872360260/

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն անցել է ապակենտրոն պայքարի մեթոդին․ ընդհանուր առմամբ, տնտեսական սահմանափակումներ մոտակա ժամանակներում չեն սպասվում։ Չի բացառվում, սակայն, որ որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմ կարող է սահմանվել։ Առանձին համայնքներում՝ օրինակ, Սևանում կամ Արենիում, այն արդեն իսկ սահմանվել է։ «Ամեն ջանք և եռանդ ներդվելու է, որպեսզի կրկին չվերադառնանք համապետական մասշտաբով կարանտինային նման ռեժիմի», – ասել է Ավինյանը՝ խնդրելով ընմռնումով մոտենալ խստացումներին, այդ թվում՝ վարչական։ Փոխվարչապետն ընդգծել է՝ վարակի տարածման թվերի նվազեցումը մեզ թույլ կտա պահպանել առողջապահական համակարգի բավարար կարողություններն ու սպասարկման ունակությունները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ներկայացրել է վիճակագրական թվերը․ 289 նոր դեպք՝ անցած մեկ օրվա ընթացքում․ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7 402-ի։ Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 4 դեպք․ մահերի ընդհանուր թիվը, ըստ Թորոսյանի, հասել է 91-ի [նախարարը նշել է բացառապես կորոնավիրուսից մահացածներին, կորոնավիրուսով վարակված, սակայն, ըստ նախարարության, այլ հիվանդությունների պատճառով մահացած 39 մարդիկ վիճակագրությունից դուրս են մնացել]։

Նախարարը նշել է, որ, ըստ վերջին տվյալների, փաստացի բուժում ստացող 4 052  պացիենտներից 269-ը գտնվում է ծանր, 51՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 15 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։