Ռեստորանային և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև սեզոնային ոլորտի աշխատողները ցանկանում են իմանալ՝ որքա՞ն են տևելու կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Կառավարության մոտ եկած մի շարք ոլորտների ներկայացուցիչների խոսքով՝ հնարավոր չէ սպասել հաջորդ տարվա սեզոնին։ Նրանք խնդրանքով դիմել են պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց ևս թույլ տալ աշխատել, թեկուզ որոշ սահմանափակումներով։
Նրանցից մի քանիսին ներս հրավիրեցին։ Այդ ընթացքում ոստիկանները հորդորում էին պահպանել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական հեռավորությունը։ Պահանջը չկատարելու հիմքով չորսը հոգու բերման են ենթարկել, նրանցից մեկը՝ դերասան Սարգիս Գրիգորյանն էր։
Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում ասել էր՝ եկել են միասին լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Գրիգորյանը կարծում է՝ հնարավոր է աշխատել՝ պահպանելով բոլոր սահմանված կանոնները։
Ի տարբերություն մնացածի, նա պետությունից աջակցություն ստացել է, սակայն, ինչպես դերասանն ասում է Tert.am-ի կողմից հրապարակված տեսանյութում, խոսքն ընդամենը 68 հազար դրամի մասին է։ Նա երեք անչափահաս երեխա ունի և համոզված է՝ անհրաժեշտ են նոր լուծումներ, հնարավոր է նաև սահմանափակումները մեղմացնելու միջոցով։
Կառավարության մոտ եկան նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Լսելով հավաքվածներին, խոստացան զբաղվել բերման ենթարկվածների հարցով և խնդիրը քննարկելու համար հանդիպում կազմակերպել Ազգային ժողովում։
Ավելի ուշ մարդիկ որոշեցին յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած խումբ ձևավորել և հստակ առաջարկություններ ներկայացնել կառավարությանը։ Ժամկետներ չնշեցին՝ ասելով, սակայն, որ այս ամենը պետք է հնարավորինս արագ անել։