Home / Բանտ / Բանտերում վարակի դեպք չկա․ սահմանափակումները որոշակիորեն կմեղմվեն

Բանտերում վարակի դեպք չկա․ սահմանափակումները որոշակիորեն կմեղմվեն

Քրեակատարողական հիմնարկներում այս պահին վարակի հաստատված դեպք չկա։ Արտակարգ դրության ողջ ընթացքում հայաստանյան բանտերը գործում են փակ ռեժիմով․ տեսակցությունները, հանձնուքների, ծանրոցների և փաթեթների փոխանցումն ամբողջությամբ արգելված էր։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ այս սահմանափակումները որոշակիորեն կմեղմվեն։

Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում շաբաթական մեկ անգամ մեկ անձի կողմից մեկ հանձնուք/ծանրոց/փաթեթ ստանալը կամ ուղարկելն այսուհետ կթույլատրվի։ Տեսակցությունների արգելքը, սակայն, կշարունակի գործել։ Արտակարգ դրության ռեժիմը, որը, հիշեցնենք, երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը, թույլ է տալիս երկարաձգել նաև փակ հաստատություններում գործող սահմանափակումները։

Դատապարտյալների կամ ազատազրկվածների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր դեռևս չկան, ինչն, ըստ նախարարի, վկայում է կանխարգելիչ միջոցառումները արդյունավետության մասին։

«Իհարկե, կարծում եմ՝ այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի։ Կորոնավիրուսի տարածման տեմպերն ու տարածման հեշտությունն անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ կունենանք նաև վարակված դատապարտյալ։ Բայց սա չի նշանակում, որ որևէ կատաստրոֆա կլինի, որովհետև մենք նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված երկու մասնաշենք, որտեղ արդյանավետ բուժումը, արդյունավետ վերահսկողությունը և մեկուսացումը հնարավոր կլինի ապահովել», – Կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց արդարադատության նախարարը։

Բադասյանը նշեց նաև, որ ՔԿՀ-ներում ծանրաբեռնվածության խնդիր այս պահին չկա։ Բանտերի ծանրաբեռնվածության ցուցանիշը Հայաստանում ընդհամենը 43 տոկոս է։ Այն երկրներում, որտեղ համավարակի բերումով համաներում է հայտարարվել, այս ցուցանիշը գերազանցել է 100 տոկոսը․ «Մեզ մոտ երևի քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, ինչի մասին վկայում են թվերը՝ 0 դեպք ունենք կալանավորված և դատապարտված անձանց շրջանում»,-ասաց Բադասյանը։

Անդրադառնալով Կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին որոշմանը, նախարարը նշեց, որ ազատ տեղաշարժի սահմանափակումներն, նոր որոշման համաձայն, կարող են կիրառվել պայմանով։ Եթե որևէ վարչական շրջանում, օրինակ, վարակի տարածումն առավել արագ տեմպերով լինի, այդ համայնքում հնարավոր է կիրառվեն առավել խիստ սահմանափակումներ։ Կամ՝ երբ հանրային տրանսպորտը սկսի աշխատել, մարդիկ պետք է տրանսպորտից օգտվեն միայն դիմակների օգտագործմամբ։ Կամ՝ կթույլատրվի միայն որոշակի քանակով ուղևորների փոխադրումը։ Պարետը հնարավորություն կունենա սահմանել հստակ պայմաններ կամ որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանկաներում։