2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը կրկին երկարաձգվում է։ Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց արտակարգ դրության ռեժիմը ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17։00-ն ներառյալ, երկարաձգելու մասին։
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով համավարակային դրությանը, նշեց, որ գործադիրը տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները վերականգնելու մտադրություն, այնուամենայնիվ, չունի։ «Փակ ռեժիմի» վերականգնումը հնարավոր է միայն մեկ պարագայում՝ եթե բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների թիվը գերազանգի երկրի բժկական կարողությունները։
Կարանտինի և խիստ սահմանափակումների ընթացքում առողջապահական համակարգը հասցրել է որոշ չափով նախապատրաստվել հետկարանտինյան զարգացումներին․ հնգապատկվել են ինֆեկցիոն ոլորտի տեղերը՝ 300-ից հասնելով 1 500-ի, հազարավոր բժիշկներ վերապատրաստվել են և ներգրավվել վարակի դեմ պայքարում, համալրվել են տեխնիկական, դեղորայքային պաշարները և այլն։ Այս գործընթացը շարունակվում է միանչ այժմ։
Կառավարության քայլերն, ըստ վարչապետի, ուղղված են սահմանափակումների վերադարձը բացառելուն։ Տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտները վերագործարկվել են, նախատեսվում են, որ բացառության կարգով փակ մնացած ոլորտները ևս շուտով կբացվեն։ Ցանկացած պահի, սակայն, այս մոտեցումը վերանայելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։
«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման:
Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա՝ եթե սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք։ Եթե պարզվի, որ Հայաստանում կա 1500 ոչ ասիմպտոմ հիվանդ, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի [ակտիվ բուժման մեջ գտնվող] դեպքերից միայն 600-ն են, որ որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն», – ասաց Փաշինյանը:
Կառավարությունը միաձայն որոշում ընդունեց երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը՝ հաշվի առնելով, որ «2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել», հաշվի առնելով, որ «արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման», և հաշվի առնելով, որ այն շարունակում է «անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար»։
2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից երկարաձգվեց ևս 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։
Նշենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 142-ով՝ հասնելով 3 հազար 860-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 72-ով և հասել 1572-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվն, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 49-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ մահացել է «այլ պատճառներով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 2 հազար 218 մարդ․ ասիմպտոմ դեպքերը «հոսպիտալացվել են» հյուրատներում, սիմպտոմներովը՝ հիվանդանոցներում։